Հայաստանի ու Արցախի շուրջ ռազմաքաղաքական իրադրության լարվածությունը մոտենում է պիկին․ Տիգրան Աբրահամյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի ու Արցախի շուրջ ռազմաքաղաքական իրադրության լարվածությունը մոտենում է պիկին, ինչից հետո կամ կպայթի կամ աստիճանաբար կնվազի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Նա նաեւ նշել է. «Ադրբեջանի քաղաքական հռետորաբանությունը կտրուկ կոշտացել է` ակնհայտ շտապում են:
Որքան էլ պնդեն, թե Հայաստան-Ադրբեջան բանակցություններում հարցերի 70%-ում համաձայնություն կա, դա դեռ չի նշանակում, որ իրավիճակը խաղաղ ճանապարհով կամ ՀՀ շահերի շրջանակներում կարգավորելու հնարավորություն կա:
Եթե Ադրբեջանն իր առավելապաշտական դիրքորոշումները չփոխի, ապա դա կա´մ պատերազմի է բերելու կա´մ Հայաստանի հսկայական զիջումների:
Որքան Հայաստանի իշխանությունը փորձում է իրեն օտարել Արցախից ու նրա շուրջ տեղի ունեցող գործընթացներից, այնքան իրադրությունն ինքն է Արցախն ու Հայաստանը բերում մեկ դաշտ, մեկ հարթություն և´ քաղաքական, և´ անվտանգային տեսանկյունից:
Ադրբեջանն անշուշտ անպարտելի չէ, ունի խոցելի ուղղություններ, որոնց ուղղությամբ մեծ անելիք կա, այլ բան է, որ 2018-ից ՀՀ-ում ձևավորված իշխանությունը զիջողականությունն ու պարտվողականությունը քաղաքական ուղենիշ է դարձրել, ինչը սրանց օրոք բացառում է արտաքին մարտահրավերներին դիմակայելու հնարավորությունը»։