ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն այդ բառապաշարով չպետք է խոսի մեր պաշտոնյաների մասին. ՔՊ-ական
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵս չեմ կարծում, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը կարող է այդ բառապաշարով խոսել Հայաստանի պաշտոնյաների մասին. դա անթույլատրելի է: Հույս ունեմ, որ ռուս պաշտոնյաները բարձր և բարձրագույն մակարդակում հետևություններ կանեն և քայլեր կձեռնարկեն, որպեսզի ավելի ցածր մակարդակներում հնչող խոսույթն ավելի պատշաճ մակարդակում լինի։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
Լրագրողի դիտարկմանը՝ կարելի՞ է ԱԳՆ ներկայացուցչին անվանել «քարտուղարուհի», վերջինս պատասխանեց․
«Տարբեր ձևակերպումներ կարելի է տալ․ ճիշտ ու սխալ չէ, բայց սա հարաբերությունների սրման սկիզբ չէ, այդպես չեմ կարծում»,-ասաց Խանդանյանը։
Հիշեցնենք, երկու օր առաջ Մարիա Զախարովան ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը որակել էր «բռիություն» (хамство): Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավարը երեկ դրան հետևյալ կերպ արձագանքեց.
«Ես չեմ պատրաստվում արձագանքել ինչ-որ գերատեսչության ինչ-որ քարտուղարուհու, որը, կարծում եմ, իմ մակարդակը չէ: ԱԳՆ կա դրա համար, արտաքին բաժին կա, թող իրենք արձագանքեն: Ես չեմ համարում, որ ես ու ձեր նշած մարմնի բաժնի պետի տեղակալը նույն մարդն ենք, որ ես խոսեմ: Թող ինքն իր դարդերով տապակվի»: