«Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողների ծնողները ՊՆ շենքում են. պահանջում են Պապիկյանի հետ հանդիպում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԷջմիածնի «Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողների ծնողներն այժմ Պաշտպանության նախարարության շենքի փոքր դահլիճում են եւ պահանջում են հանդիպում Սուրեն Պապիկյանի հետ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ծնողներից մեկը:
«Հիմա շենքում իրարանցում է: Դուրս չենք գալու, մինչեւ պատասխան չլինի»,- ասաց ծնողներից մեկը:
Ծնողներին զայրացրել է այն, որ նրանք հանդիպել են ոչ թե ՊՆ նախարարի, այլ՝ նրա տեղակալ Արման Սարգսյանի հետ:
Նշենք, որ «Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողների ծնողները պարբերաբար բողոքի ակցիաներ են անում՝ պահանջելով վերադարձնել իրենց զավակներին:
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ «Քիմիկների» զորամասի զինծառայողներին հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ՝ մարտական առաջադրանքի եւ սխալ հրամանի պատճառով նրանք հայտնվել էին շրջափակման մեջ: Այս ամենի հետեւանքով Աբգարյանի «Քիմիկների զորամասի» 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողներն ու ավտոբուսի վարորդը անհայտ կորած են։ Դեպքի առնչությամբ մեղադրյալի կարգավիճակ ունեն մի քանի բարձրաստիճան զինվորականներ, որոնց թվում է՝ գեներալ Անդրանիկ Մակարյանը: