Անկախ Ադրբեջանի սադրանքներից` Կապանի օդանավակայանից թռիչքներ են իրականացվելու. Սյունիքի մարզպետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱնկախ Ադրբեջանի սադրանքներից` Կապանի օդանավակայանից թռիչքներ են իրականացվելու: Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:
«Վերջին 2 չվերթերը հետաձգվել են եղանակային պայմաններից ելնելով: Մինչեւ այդ էլ չվերթեր իրականացվել են անկախ նրանից նրանք սադրում են, թե՝ ոչ, չվերթերը պետք է իրականացվեն եւ կիրականացվեն: Կապանում կա օդանավակայան եւ օդանավը վերջապես թռիչքներ է իրականացնում, սրա վրա մենք պետք է ավելի շատ ֆիքսվենք, այլապես եթե հեռվում մի կրակոց լսվի եւ դրա վրա մենք ֆիքսվենք, այստեղ արդեն նպատակներն անհասկանալի են դառնում: Սյունիքում ոչ թե մեկ, այլ բազմաթիվ փոքր օդանավակայաններ պիտի լինեն, որովհետեւ դրանք նաեւ շատ կարեւոր ենթակառուցվածքներ են մեզ համար»,- ասաց մարզպետը:
Անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ Կապանի օդանավակայանի գործարկումը արդյո՞ք վախի մթնոլորտ չի ստեղծում Սյունիքում, մարզպետը պատասխանեց.
«Որտե՞ղ եք տեսել վախի մթնոլորտ: Վախի մթոնոլորտը ստեղծում ենք մենք: Եթե մարդիկ չեն վախենում, ապա ինչո՞ւ ենք այդ թեման տարածում: Նույնիսկ Ներքին Հանդում չկա վախի մթնոլորտ: Դա այլ օրակարգ է, որը մտցվել է մեր երկիր: Սյունիքում արհեստական վախի մթնոլորտ ստեղծել չեն կարողանալու, որովհետեւ սյունեցին չի վախենում»: