ՄԻՊ-ը ողջունել է Լաչինի միջանցքի արգելափակման մասին ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հայտարարությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ողջունում է օգոստոսի 28-ին ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հայտարարությունը, որով վերջինս մտահոգություն է հայտնում Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ։
Մասնավորապես, Դունյա Միյատովիչը նշել է, որ շարունակում է լրջորեն մտահոգված լինել 2022 թվականի դեկտեմբերից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով անցնող ճանապարհի արգելափակումից հետո Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակով և բնակչության իրավունքներով։
«Ես վերահաստատում եմ կոչը, որն արել եմ այն ժամանակ՝ վերականգնել ազատ տեղաշարժն այդ ճանապարհով»,- հայտարարել է Միյատովիչը։
«Չնայած իմ և բազմաթիվ այլ միջազգային շահագրգիռ կողմերի կոչերին՝ հումանիտար և մարդու իրավունքների իրավիճակը այդ շրջանում ավելի է վատթարացել՝ ազդելով հատկապես առավել խոցելի խավերի վրա՝ մարդկանց տեղաշարժի երկարատև խափանումների, սննդի մատակարարումների և շտապ բժշկական օգնության հասանելիության խաթարման պատճառով։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ), որն այս պահին միակ միջազգային մարդասիրական կազմակերպությունն է, որը գործում է Լաչինի միջանցքում, նշել է, որ բնակչությունը բախվում է կենսական դեղամիջոցների և առաջին անհրաժեշտության իրերի բացակայության խնդրին»- ասել է Հանձնակատարը։
Միյատովիչը նշել է, որ «շահագրգիռ կողմերը պետք է անհապաղ լուծում գտնեն` խուսափելու համար տեղի բնակչության համար շատ վտանգավոր իրավիճակի հետագա վատթարացումից և երաշխավորեն մարդասիրական օգնություն տրամադրողների և մարդու իրավունքների պաշտպանությունն ապահովողների անվտանգ և ազատ տեղաշարժը»։
«Ինչպես նշված է իմ 2021 թվականի հուշագրում, Հայաստանի և Ադրբեջանի կողմից պետք է ջանքեր գործադրվեն հաշտեցման ճանապարհով առաջ շարժվելու և բոլոր մարդկանց համար կայուն խաղաղություն ապահովելու համար։ Ես վերահաստատում եմ իմ հանձնառությունն ու պատրաստակամությունը` ներգրավվելու բոլոր համապատասխան զրուցակիցների հետ աշխատանքներում և մեկնելու Լեռնային Ղարաբաղ՝ աջակցելու մարդու իրավունքների առկա մարտահրավերների հաղթահարմանը»,- ասվում է հայտարարության մեջ։
Պաշտպանի աշխատակազմը շարունակում է ակտիվ համագործակցել միջազգային դերակատարների հետ խնդիրների հրատապ լուծման տարբերակների ուղղությամբ։