Ինչու՞ են առևանգվել արցախցի երեք երիտասարդները. Ադրբեջանի պարզաբանումը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆAlphanews.am-ը գրում է.
Ադրբեջանական լրատվամիջոցները «պարզաբանել են» Լեռնային Ղարաբաղից ուսանողների անօրինական ձերբակալումը. Ավելի վաղ հաղորդվել էր, որ մեկ ուսանող ձերբակալվել է, երկրորդը հարցաքննվում է։ Այժմ պարզվում է, որ երեք ուսանող է ձերբակալվել։
Նրանք բոլորը մեղադրվում են 2021 թվականին «ադրբեջանական դրոշը անարգելու» մեջ։
«Որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերի տարբեր էջերում տեսանյութեր են տարածվել, որտեղ հայ ֆուտբոլիստները վիրավորական գործողություններ են կատարում Ադրբեջանի պետական դրոշի նկատմամբ։ Այս առնչությամբ Ադրբեջանի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 283.2.3 (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական, սոցիալական կամ կրոնական ատելության և թշնամանքի հրահրում) և 324 (Ադրբեջանի դրոշի կամ պետական զինանշանի նկատմամբ վիրավորական գործողություններ) հոդվածների հատկանիշներով:
Սույն գործի քննությունը վստահվել է դատախազության քննչական վարչությանը։ Ադրբեջանական կողմը բազմիցս հումանիստական հայտարարություններ է արել, որ իրավախախտումներ կատարած հայերին կարելի է ներել։ Ենթադրվում է, որ ադրբեջանական պետությունը հերթական անգամ հումանիստական մոտեցում կցուցաբերի»,- գրում է Trend-ը։
Միաժամանակ նշվում է, որ «Ադրբեջանի դրոշը վիրավորող և ադրբեջանցիների նկատմամբ ատելության ու թշնամանքի ոգի կրող մարդիկ չեն կարող ապրել Ադրբեջանի տարածքում, նրանք պետք է արտաքսվեն Հայաստան»։