Պետք է դիմել է Ռուսաստանին, բոլոր դերակատարներին՝ Ադրբեջանի հետ հանդիպում կազմակերպելու առաջարկ-պահանջով. Արցախի պետնախարար
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Պետք է պատասխանատվություն ստանձնել և քայլեր ձեռնարկել, անորոշության ու մթության մեջ տարվող այս պայքարը ուժասպառ է անելու Արցախի ժողովրդին՝ իր բացասական հետևանքներով: Պետք է բաց երկխոսություն վարել ժողովրդի հետ, նախաձեռնություն ցուցաբերել, չգերագնահատել միջնորդ երկրների ջանքերը և չթերագնահատելով ՝ դրանք ճիշտ օգտագործել: Պետք է չվախենալ դժվարություններից ու մնալ հաստատուն: Այս իրավիճակից դուրս գալու ուղիները որոշելու պատասխանատվությունը բոլորինն է, պետք է գործել ոչ թե վախվորած, այլ համարձակորեն»,– այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ կից հրապարակելով տեսաուղերձ։
Նա նշել է, որ պետք է դիմել է Ռուսաստանին, բոլոր դերակատարներին՝ Ադրբեջանի հետ հանդիպում կազմակերպելու առաջարկ-պահանջով։
«Այդ հանդիպումը կարող է տեղի ունենալ ռուս խաղաղապահների տեղակայման վայրում կամ ցանկացած անվտանգ վայրում՝ երրորդ կողմի մասնակցությամբ»,-իր ուղերձում հայտարարել է Արցախի պետնախարարը։
Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահներն Արցախում անբավարար անվտանգություն են ապահովում և չեն կարող ստեղծել պայմաններ՝ պարզագույն մարդկային կենսագործունեության համար։ «Լռությամբ պաշտպանում կամ խրախուսում են Ադրբեջանի այն օրակարգը, որը պետք է ավարտվի ցեղասպանությամբ»,– ասել է Ներսիսյանը։