Մենք ներկայացնում ենք առաջարկ, որից երեւանցիները չեն կարող հրաժարվել. Մանե Թանդիլյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵրեւանի ավագանու ընտրությունները վճռորոշ են լինելու ոչ միայն երեւանցիների, այլեւ ամբողջ պետության համար: Այս մասին «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ ասաց կուսակցության առաջին համար Մանե Թանդիլյանը:
«Այդ նպատակով մենք հավաքել ենք լավ թիմ, հաղթել ենք մի քանի համայնքներում, իրականացնում ենք մեր խոստացած ծրագրերը, որպեսզի պարզ ճակատով խոսենք երեւանցիների հետ: Հիմա անցել են ուղղակի խոսելու ժամանակները, պետք է խոսել գործով: Ես ուզում եմ, որ ընտրողներն ընտրություններին վերաբերեն իբրեւ դատավորների՝ վստահո՞ւմ են, թե՝ ոչ: «Ապրելու երկիրը» ընտրություններին մասնակցող միակ ուժն է, որը քաղաքացիներին ներկայացնելու է թե քաղաքական, թե քաղաքային որակյալ առաջարկ: Սա առաջարկ է, որից երեւանցիները չեն կարողանալու հրաժարվել: Մենք երեւանցիներին լսելով ենք ձեւակերպել մեր ծրագիրը»,- նշեց Թանդիլյանը:
Թանդիլյանի խոսքով՝ իրենց ծրագրից դուրս չի մնացել որեւէ քաղաքացի, որին իրենց ներկայացրած ծրագրի որեւէ դրույթ չի հետաքրքրի:
«Աղբահանության, կանաչապատման եւ նմանատիպ խնդիրների լուծման հարցը մենք չենք էլ քննարկում, միանշանակ, լուծելու ենք, չենք էլ քննարկում, անհարմար է 21-րդ դարում մայրաքաղաքի մասին խոսելիս անընդհատ ասել փոսեր, աղբահանության փոշի: Թեպետ Երեւանի իշխանության համար արդեն 30 տարի է այդպես է: Մենք առաջարկելու ենք ապրելու Երեւան, որը հասանելի է, հոգատար է, հին ու նոր է, մաքուր է: Այսպիսի Երեւանի մասին է մեր պատկերացումը: Այսպիսի քաղաքական թիմով ենք մենք գալիս իրականացնելու մեր ծրագիրը եւ ապավինելու երեւանցու վճռական «այո»-ին, որով նա մեզ տալու է որոշում, որ Հայաստանի եւ Երեւանի ապագան փոխվելու է»,- ասաց Թանդիլյանը: