Երևանի ընտրություններին ՔՊ-ն կարող է «թարս-կապույտ» լինել
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԿենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ գումարած հերթական նիստում գրանցել է Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված 13 կուսակցություններին և 1 դաշինքի ընտրական ցուցակները, իսկ այսօր արդեն վիճակահանություն է անելու և բաժանելու է հերթական թվերը, թե որ կուսակցությունը, որ համարի ներքո է հանդես գալու։
Փաստացի, ԿԸՀ-ն հաստատել է առաջադրված բոլոր քաղաքական ուժերի և միավորների ցուցակները։ Արդեն ամսի 23-ից մեկնարկելու է պաշտոնական քարոզարշավը, և կուսակցությունները լրատվամիջոցներով, հանրային վայրերում, ցանկացած այլ տեղ պաստառների և մեծ բիլբորդների վրա ներկայացնելու են իրենց մոտեցումները Երևան քաղաքի հարցերի շուրջ։
Գործող իշխանությունները՝ չնայած նույնիսկ ստարտային լավ պայմաններին և վարչական ռեսուրսի օգտագործմանը, չափազանց ծանր վիճակում են գտնվում։ Իշխանությունը փորձում էր իր թեկնածու Տիգրան Ավինյանին որոշակի առավելութուն տալ՝ այս ընթացքում աշխատանքի իմիտացիա բեմադրելով։ Իրականում սակայն հանրությունը հրաշալի տեսնում է, որ գործող «Քաղաքացիական պայմանագիրն» ամենևին էլ կոմպետենտ չէ Երևան քաղաքի խնդիրները լուծելուն։
Քաղաքային ընտրությունները ոչ միայն քաղաքային են, այլ առաջին հերթին քաղաքական, իսկ այս առումով քաղաքացիական պայմանագրի դիրքերը շատ ավելի խարխուլ են։ Երևանում ընդդիմադիր տրամադրված մարդկանց տեսակարար կշիռն ավելի մեծ է։ Փաստացի, չափազանց ցածր վարկանիշ ունեցող իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի հնարավորինս քիչ լինի մասնակցության ցուցանիշը, իսկ որքան շատ մարդիկ թոթափեն հուսահատությունը և իրենց ժամանակից մի քանի րոպե տրամադրեն գնալու և դեմ քվեարկելու «Քաղաքացիական պայմանագրին», այնքան շանսեր կունենանք վերականգնման ռելսերի վրա դնել Հայաստանի Հանրապետությունը։
Սաթենիկ Մարգարյան