Ղարիբաշվիլին մեկնել է Իսրայել. երկրները մտադիր են ամրապնդել հարաբերությունները տնտեսության եւ պաշտպանության ոլորտներում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Իսրայել կատարած այցի ընթացքում հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ: Վարչապետները հանդիպում են ունեցել ինչպես դեմ առ դեմ, այնպես էլ ընդլայնված կազմով, հաղորդում է վրացական Առաջին ալիքը:
Կողմերը քննարկել են տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցության հիմնական ուղղությունները եւ առկա համագործակցության հետագա խորացման հեռանկարները:
Ղարիբաշվիլին նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում են երկկողմ հարաբերություններին:
«Ես ուրախ եմ հանդիպել վարչապետ Նեթանյահուի հետ Իսրայել կատարած այցի ժամանակ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: Հաջորդ տարի մենք սկսում ենք ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Դրանով ամրապնդվում են մեր կապերը տնտեսության, պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում։ Ես շնորհակալ եմ Վրաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարցում Իսրայելի աջակցության համար»,-ասել է Ղարիբաշվիլին։