Կաթսաներով կանայք Փաշինյանին հիշեցրել են նախկինում տված խոստումները. բողոքի ակցիա կառավարության շենքի առջեւ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆAlphanews.am-ը գրում է.
Այսօր Կառավարության շենքի դիմաց գործադիրի նիստին զուգահեռ բողոքի ակցիա են իրականացրել մի շարք քաղաքացիներ: «Ապահովե՛լ Արցախի բնակչության անվտանգությունը», «անհապաղ քայլեր ձեռնարկե՛լ Արցախի պաշարման վերացման համար», «դադարեցնե՛լ միակողմանի զիջումները հայ-ադրբեջանական հակամարտության լուծման շուրջ», «Նիկոլը չի՛ ներկայացնում հայկական շահը» եւ այլ կարգախոսներով նախաձեռնության անդամները փորձում էին Փաշինյանին հիշեցնել՝ ինչ մանդատով է վերընտրվել։ Նրանք իրենց հետ խորհրդանշական կաթսաներ էին բերել:
Նախաձեռնության անդամները պնդում էին՝ Փաշինյանը մանդատ չունի Արցախը հանձնելու, մանդատ չունի Հայաստանի կողմից՝ Հայաստանի և Արցախի հաշվին միակողմանի զիջումներ անելու, ինչը տեղի է ունենում վերջին երեք տարիներին:
«Միջազգային կառույցներից որևէ բան պահանջելուց առաջ պետական այրերի առջև պետք է խնդիրներ բարձրացնել: Արցախի հայության անվտանգության երաշխավորը պետք է լինի Հայաստանը, այլ ոչ թե պատասխանատվությունը հանձնի ռուս խաղաղապահներին»,- նշել են մասնակիցները։
Ցույցի մասնակիցները կաթսաներով Փաշինյանին հիշեցնում էին՝ ժողովուրդն է նրան իշխանության բերել, որին ժամանակին խոստումներ էր տվել: