Արցախում կարծում են, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկումից հետո ակտուալանում է «անջատում հանուն փրկության» բանաձեւը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱրցախի ներկայիս պայմաններում աշնանային եւ ձմեռային շրջանում մարդկանց գոյությունը բացարձակապես անհնար է լինելու։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Ստեփանյանը նկատեց, որ Ադրբեջանի կողմից Արցախի ութամսյա շրջափակումը վկայում է այն մասին, որ Բաքվի պնդումները հայերի իրավունքների եւ անվտանգության ապահովման պատրաստակամության մասին կեղծ են եւ անհիմն:
«Ստեղծված պայմաններում անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը ստանձնի արցախահայության իրավունքների պաշտպանությունը եւ ուղղակի մարդասիրական օգնություն ցուցաբերի։ Այդ սկզբունքը նախկինում կիրառվել է, այդ թվում ՝ Ռուսաստանի կողմից, երբ վերջինս ճանաչում էր Աբխազիան եւ Հարավային Օսիան, ինչպես նաեւ Արեւմուտքի կողմից՝ Կոսովոյի դեպքում»,-հավելեց նա։
Ստեփանյանը համոզմունք հայտնեց, որ այսպես կոչված ինտեգրումը կհանգեցնի արցախահայության էթնիկ զտման, ուստի Արցախի իշխանությոսւնների որոշումները պետք է բխեն այդ տրամաբանության ըմբռնումից։
«Կարծում եմ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այսօրվա քննարկումները կապված կլինեն հումանիտար հարցերի, Լաչինի միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտության եւ Միջազգային դատարանի որոշումների կատարման հետ։ Թեեւ Բաքուն փորձելու է օրակարգը տեղափոխել քաղաքական հարթություն։
Մի փոքր հույս կա, որ բանաձեւ կընդունվի, որը կպարտավորեցնի Բաքվին ապաշրջափակել Լաչինի միջանցքը, սակայն այս դեպքում էլ Ադրբեջանը կարող է չկատարել այդ որոշումը։
Հետեւաբար, այս դեպքում դրանից հետո կստեղծվեն բոլոր հիմքերը «անջատում հանուն փրկության» բանաձեւը կիրառելու համար։ Կարծում եմ ՝ դա գիտակցում է նաեւ Ադրբեջանը»,-եզրափակեց նա։