Հարազատներին ասել են՝ տեղափոխումն անհնար է, կարող ենք այստեղ հողակտոր տալ․ վթարից զոհված Հելեն Դադայանն Արցախից էր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, երեկ՝ օգոստոսի 14-ին, 11 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հետեւանքով մահացած 21-ամյա Հելեն Դադայանն Արցախից էր, Մարտունիի շրջանի Ճարտար գյուղից։
NEWS.am-ի տեղեկություններով՝ նա սովորում էր Եվրասիա միջազգային համալսարանում։ Արցախի շրջափակման հետեւանքով ինն ամիս կտրված էր ընտանիքից։
«Հիմա Երեւանում մնացած հարազատները պայքարում են Հելենի մարմինն Արցախը տեղափոխելու համար։ Ընտանիքին ուզում է իր մոտ հուղարկավորել Հելենին։ Հարազատներին դեռեւս ասել են, որ տեղափոխումն անհնար է, կարող են այստեղ հողակտոր տալ, բայց ընտանիքը դրան չի հաշտվում։ Ինն ամիս չի կարողացել գնալ ընտանիքի մոտ, գոնե իրավունք չունի՞ այնտեղ հուղարկավորվելու»,- նշեց մեր զրուցակիցը, որի անունը չենք հրապարակի իր խնդրանքով։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի գիշերը, Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, բախվել են «Volkswagen» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 11 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը եւ «Համշեն տուրի» զբոսավարը, ծանր վիրավորել՝ 6-ը։ Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից 4-ի վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր: Վիրավորների թվում է նաեւ «ZIL»–ի վարորդը։
Ողբերգական վթարի ուղեւորները վերադառնում էին Արեւմտյան Հայաստան ուղեւորությունից։
Ըստ Քննչական կոմիտեի՝ վթարը տեղի է ունեցել Երեւան քաղաքի ուղղության երթեւեկելի ուղեմասում, առաջամասերով միմյանց են բախվել հիշյալ տրանսպորտային միջոցները, որոնցից «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցը գտնվել է իր երթեւեկելի ուղեմասում՝ դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ, իսկ «Զիլ» մակնիշի տրանսպորտային միջոցը՝ հանդիպակաց երթեւեկելի ուղեմասում՝ դեպի Գյումրի քաղաքի ուղղությամբ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը)։