Վթարից մահացած Ամալյա Մնացականյանն Արևմտյան Հայաստան էր գնացել նշանածի հետ․ վերջինիս վիճակը ծանր է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, երեկ՝ օգոստոսի 14-ին, 11 մարդու կյանք խլած ողբերգական հրդեհի հետեւանքով մահացած 24-ամյա Ամալյա Մնացականյանը ծնունդով Գեղարքունիքի մարզից էր, ապրում էր Երեւանում։
Ամալյան սովորել էր Բրյուսովի պետական համալսարանում։ Նա աշխատել էր «Future in our hands» կազմակերպությունում որպես դասընթացավար։
«Շատ բարի, նպատակասլաց, ուժեղ աղջիկ էր։ Սիրում էր ճամփորդել։ Երկու տարի առաջ մեզ մոտից դուրս եկավ եւ «Դասավանդիր Հայաստան» ծրագրով երկու տարի անգլերեն դասավանդեց գյուղերում»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին կազմակերպությունից։
Ամալյան Արեւմտյան Հայաստան էր ուղեւորվել նշանածի՝ 23-ամյա Էդուարդ Քոլոյանի հետ։ Նրա վիճակը գնահատվում է ծանր։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի գիշերը, Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, բախվել են «Volkswagen» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 11 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը եւ «Համշեն տուրի» զբոսավարը, ծանր վիրավորել՝ 6-ը։ Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից 4-ի վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր: Վիրավորների թվում է նաեւ «ZIL»–ի վարորդը։
Ողբերգական վթարի ուղեւորները վերադառնում էին Արեւմտյան Հայաստան ուղեւորությունից։
Ըստ Քննչական կոմիտեի՝ վթարը տեղի է ունեցել Երեւան քաղաքի ուղղության երթեւեկելի ուղեմասում, առաջամասերով միմյանց են բախվել հիշյալ տրանսպորտային միջոցները, որոնցից «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցը գտնվել է իր երթեւեկելի ուղեմասում՝ դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ, իսկ «Զիլ» մակնիշի տրանսպորտային միջոցը՝ հանդիպակաց երթեւեկելի ուղեմասում՝ դեպի Գյումրի քաղաքի ուղղությամբ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը)։