Ովքե՞ր են «Քաղպայմանագրի» ցուցակի առաջատարները
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՄամուլում երեկ տեղեկություններ են հայտնվել Երևանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առաջին համարների վերաբերյալ։ Նշվում է, որ առաջին համարը փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է, երկրորդն ԱԻՆ նախկին նախարար, ներկայումս ՔՊ նախընտրական շտաբի պետ Արմեն Փամբուխչյանը, երրորդը Նուարդ Վարդանյանն է ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանի ավագանու անդամ քույրը, վերջինս արդեն մի քանի անգամ հասցրել է հայտնվել աղմկահարույց իրավիճակներում։ Մի անգամ էլ նույնիսկ ընդդիմախոսներին խոստանում էր կրծել նրանց կոկորդը։ Չորրորդը Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանն է, վերջինս նույնիսկ պաշտոնակատարի պարտականությունները կատարելու պայմաններում բացարձակ անդեմ և որևէ կերպ աչքի չընկնող վարք է դրսևորում։
Ըստ էության, նրան ընդամենը ցուցակի բարձր հորիզոնականներում գրանցել են, քանի որ անմռունչ կամակատար է և առանց քննարկումների դակում է բոլոր իրեն ներկայացված փաստաթղթերը։ Հինգերորդը՝ Արդարադատության նախկին փոխնախարար, ժամանակին էլ մատուցող աշխատած Սուրեն Գրիգորյանն է, վերջինս այս ցուցակում հայտնվել է միայն այն պատճառով, որ Տիգրան Ավինյանի մտերիմ ընկերն է։
Ցուցակում վեցերորդը հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանն է, նրան էլ թերևս այս ցուցակում ընդգրկել են ուսումնական հաստատությունների աշխատակիցներին ուղղորդելու և ՔՊ-ին քվեարկելու պարտադրանքի համար։ Յոթերորդն էլ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն է։
Ի դեպ կենտրոնական ընտրական հանձնաժողովն երեկ արդեն երկու ցուցակ է ստացել։ «Հայաստանի Եվրոպական» կուսակցությունը փաստաթղթերը ներկայացրել է ԿԸՀ, քաղաքապետի թեկնածուն կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն է։ Ամիսներ շարունակ Խզմալյանը հայտարարում էր, թե իրենց թեկնածուն երգահան Ռուբեն Հախվերդյանն է, իսկ որոշ ժամանակ առաջ էլ հայտարարեցին, թե «Հնչակյանների» հետ հուշագիր են ստորագրել և առաջադրում են սոցիոլոգ Կարեն Սարգսյանին։
Առաջադրվել է նաև «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը՝ Սուրեն Պետրոսյանի գլխավորությամբ։ Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն օգոստոսի 23-ն է և ըստ ձևավորված ավանդույթի վերջին երկու օրերին է նոր բոլոր փաստաթղթերը ներկայացվում Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Մեկ տասնյակից ավելի կուսակցություններ արդեն իսկ հայտարարել են, որ մտադիր են մասնակցել ընտրություններին։
Ռուզան Բեգլարյան