Արցախյան դեմարշ Փաշինյանի դեմ. ինչու՞ ընտրվեց ՀՅԴ անդամը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱրցախի Ազգային ժողովը երեկ նոր նախագահ է ընտրել՝ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանին, ընդ որում Ազգային ժողովի նախագահ դարձել է խորհրդարանական ամենափոքր խմբակցություններից մեկի ղեկավարը։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ կարելի է փաստել, որ Ստեփանակերտն այսպես դեմարշ է անում Հայաստանի իշխանությունների դեմ՝ Խորհրդարանի նախագահ ընտրելով ՀՅԴ ներկայացուցչին։
ՀՅԴ-ն Փաշինյանի իշխանության հիմնական քննադատներից մեկն է։ Այն, որ Երևանի և Ստեփանակերտի միջև տարաձայնություններ կան ղարաբաղյան խնդրի առնչությամբ, նախօրեին Արցախի հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Ունենք բավական ակտիվ շփումներ և դա միանշանակ այլ ձև չի էլ կարող լինել, պարբերաբար, եթե ոչ ամեն օր շփում ունենում ենք, խոսում ենք պրոբլեմների մասին, լինում են տարաձայնություններ և այդ ամենակարևոր տարաձայնությունը ղարաբաղյան խնդրի հետ է կապված»,- ասել էր նախագահը, նշել, որ ոչ-ոք իրավունք չունի կասկածի տակ դնելու և սահմանափակելու Արցախի ինքնորոշման իրավունքը։
Արցախի նախագահը նաև դիմել էր Հայաստանի իշխանություններին՝ հորդորելով կասկածի տակ չդնել Արցախի ինքնորոշման իրավունքը, նաև քննադատել Փաշինյանին՝ իր վերջերս արած մի գռեհիկ հայտարարության կապակցությամբ, թե՝ Արցախի իշխանությունները գումար են ստանում Հայաստանի բյուջեից, ընդհուպ սպառնացել՝ կտրել այդ ֆինանսավորումը։
Հայաստանի իշխանություններն, իհարկե, որևէ կերպ չեն կարող կտրել այդ ֆինանսավորումը, քանի որ Արցախ միջոցների փոխանցումը սահմանված է օրենսդրորեն և այդ գումարներն Արցախին փոխանցում են ոչ թե Նիկոլ Փաշինյանի, կամ տարատեսակ ՔՊ-ականների գրպանից, որը զգալի լայնացել է վերջին 5 տարվա ընթացքում, այլ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, այլ՝ քաղաքացիների, Արցախի բնակիչները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են և Հայաստանն ի վերջո պարտավոր է բոլոր ջանքերը գործադրել իր 120 հազար քաղաքացիներին պաշտպանելու նպատակով։ Ստեփանակերտի կողմից հռետորաբանության խստացումը և Հայաստանի գործող վարչախմբի նկատմամբ իրականացրած այս քայլերը վկայում են, որ Արցախում արդեն սկսել են լրջորեն կասկածել Փաշինյանի և նրա վարչախմբի գործողություններին։ Շարքային արցախցիները վաղուց էին վստահ, որ Փաշինյանը թուրք-ադրբեջանական տանդեմի գործակալ է։ Ի վերջո, նման եզրահանգման պետք է գային նաև Արցախի իշխանությունները։
Արամ Խաչիկյան