Փաշինյանի վարկանիշն օրեցօր ցնդում է
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին չի վստահում Հայաստանի քաղաքացիների ավելի քան 67 տոկոսը։ «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչությունը երեկ հրապարակել է վերջին հարցման արդյունքները, որոնց համաձայն Փաշինյանի վստահության տոկոսը չափազանց ցածր է։
Հարցին, թե՝ որքանո՞վ են վստահում վերջին մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած պատասխաններին, հարցվածների միայն 16,1 տոկոսն է հայտարարել, որ լիովին վստահում է, ավելի շուտ վստահում է 14,5 տոկոսը, չի վստահում 13,1 տոկոսը և ընդհանրապես չի վստահում 54,4 տոկոսը։ Փաստացի սա նշանակում է, որ հանրության գերակշիռ մեծամասնությունն ընդհանրապես չի վստահում Նիկոլ Փաշինյանին։
Ի դեպ, հարցին՝ թե արդյո՞ք Հայաստանում այսօր քաղբանտարկյալներ կան, թե՝ ոչ, 47,2 տոկոսը պատասխանել է, որ կան, ոչ՝ պատասխանել է միայն 31,1 տոկոսը, 22,7 տոկոսն էլ դժվարացել է պատասխանել։
Քաղաքացիները նաև նշել են երկրի առջև ծառացած հիմնական խնդիրները։ 32,4 տոկոսը նշել է, թե Հայաստանի առջև ծառացած թիվ մեկ խնդիրը պատերազմի վտանգն է, 30,7 տոկոսը ԼՂՀ հիմնախնդիրն է նշել, 30,4 տոկոսը՝ անվտանգության հետ կապված խնդիրնեը, 27, 8 տոկոսը կարծում է սահմանների հստակեցման խնդիրները։ Այլ խնդիրների մեջ նշվել են տնտեսական վիճակը, գործազրկությունը, գնաճը, գերիների վերադարձը, իշխանափոխության հարցը։
Ամենակարևոր հարցում, թերևս, Հայաստանի հանրությունը միակամ է։ Հարցվածների 88,8 տոկոսի համար միանշանակ ընդունելի չէ Արցախի բնակչությանն Ադրբեջանի կազմում ազգային փոքրամասնության կարգավիճակի տրամադրումը, ևս 5,5 տոկոսը նշել է, որ ավելի շուտ այս զարգացումն իր համար ընդունելի չէ, միայն 1,1 տոկոսն է միանշանակ ընդունելի համարել, ևս 2,7 տոկոսն էլ նշել է, որ ավելի շատ ընդունելի է։ Ըստ էության, Հայաստանի հասարակությունը փաստացի այս հարցումով ցույց է տվել իր վերաբերմունքը փաշինյանական վարչախմբի նկատմամբ։
Արինա Ղազինյան