Երևանի մանկապարտեզներում երեխային երկար թողնելու հնարավորություն է լինելու, բայց՝ վճարովի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳործող ուսումնական տարում թվով 78 մանկապարտեզներում գործել են նույն թվով երկարօրյա խմբեր, որոնցից օգտվել է 643 սան: Այս մասին այսօր՝ հուլիսի 31-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը:
«Այս ուսումնական տարուն ընդառաջ բոլոր ծնողները կարող են ներկայացնել դիմումներ»,-ասաց նա:
Իր հերթին խորհրդակցությունը վարող փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Նախակրթարանների հասանելիությունը պետք է ավելացնենք եւ ժամային առումով աշխատող ծնողների համար ստեղծենք հնարավորություն երեխային ավելի երկար թողնելու նախակրթարանում: Այս տարի 24 մանկապարտեզ հիմնանորոգում կամ նորն ենք կառուցում: Մյուս տարի 33-ը, էն մյուս տարի՝ 35: Դա մեզ հնարավորություն է տալիս ավելի մեծ քանակի երեխաներ ընդունել մանկապարտեզ»:
Նա հիշեցրեց, որ երեխային մանկապարտեզում երկարօրյա թողնելը վճարովի ծառայություն է. «Վստահաբար այս տեսակ ծառայությունից աշխատող ծնողները կուզենան օգտվել: Մենք պետք է տեղեկացնենք երեւանցիներին, որ Երեւանի մանկապարտեզներում երկարժամյա ծառայության հնարավորություն կա»,-ընդգծեց Ավինյանը: