«Կարմիր խաչը թողնում է՝ մարդ տանեն իր վրայից». Ակցիայի մասնակիցները ԿԽՄԿ-ին մինչև 17։30-ը ժամանակ են տվել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱյսօր վաղ առավոտից մի խումբ արցախցի երիտասարդներ փակել են Կարմիր խաչի միջազգային կոմիտե հայաստանյան գրասենյակի մուտքերը՝ պահանջելով հանդիպում կազմակերպության ղեկավարի հետ։ Պատրաստվում են 10 հոգով մտնել գրասենյակ։
«10 հոգանոց խմբով մտնելու ենք գրասենյակ»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը՝ հավելելով, որ մինչև 17։30 սպասելու են իրենց պահանջների կատարմանը։
Մեկ այլ մասնակից էլ նշեց. «Ես արդեն մի քանի տարի Կարմիր խաչի կամավոր եմ ու քանի որ Կարմիր Խաչը չի կարողանում ապահովել քաղաքացիների անվտանգությունը, որովհետեւ Կարմիր Խաչի շարասյուներն իրավունք չունեն կանգնեցնելու, բայց այս դեպքում կանգնեցնում ու մարդ են առեւանգում, այս կառույցը չի կարողանում ապահովել այդ մարդկանց անվտանգությունը, ուստի պետք է նրանց հետ դադարեցնել համագործակցությունը մինչեւ իրենք կարգավորեն իրենց գործունեությունը եւ չօժանդակեն Ադրբեջանի հանցավոր քաղաքականությանը: Ցանկացած մեկին Ադրբեջանը կարող է հայտարարել հանցագործ ու առեւանգի, տանի:
Կարմիր խաչը, որը սահմաններ չի ճանաչում, որն իրավունք ունի դիմելու ցանկացած միջազգային կառույցի, որ ուժային մեթոդներով ապահովեն իր տեղաշարժը, ինքը թողնում է մարդ տանեն իր վրայից:
Եթե Կարմիր խաչը գիտեր, որ իրեն կարող են խոչընդոտել, ինքը պարտավոր էր դիմել միջազգային ուժային կառույցներին, որպեսզի իր անվտանգ տեղաշարժն ապահովեն եւ իրենց շարասյուները չկանգնենցնե: Դա սահմանված է կոնվենցիաներով, աշխարհի շատ երկրներում այդ փորձը եղել է, այդ թվում Նիգերում, Սուդանում, որտեղ Կարմիր խաչը այդ մեթոդներով, անգամ սեփական կյանքը զոհելով իրենք ապահովել են քաղաքացիական անձանց կյանքն ու անվտանգությունը»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արցախից Հայաստան տեղափոխվող բուժառուներից մեկին` 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, որը մեկնում էր Հայաստան վիրահատման, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։