Համապատասխան օղակներով դիմել ենք նաեւ Ադրբեջանին, պատասխան չունենք․ Վարդան Սարգսյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանից Արցախ ուղարկվող 400 տոննա հումանիտար օգնությամբ 19 բեռնատար 20 ժամ է՝ սպասում է Կոռնիձորի հատվածում, դեռ որեւէ տեղաշարժ չկա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԼՂ հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:
«Գործընթացը պահանջում է ըմբռնում, համբերատարություն եւ քայլերի որոշակի հաջորդականություն։ Դիմել ենք ՌԴ խաղաղապահներին եւ համապատասխան օղակներով՝ Ադրբեջանին, բայց դեռ որեւէ պատասխան չենք ստացել։ Կարող ենք ասել՝ քար լռություն է»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 26-ին, առաջին անհրաժեշտության սննդամթերքով ու ապրանքներով 19 բեռնատար մեքենաները ուղևորվել են Կոռնիձոր, որտեղից նախատեսվում է ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ 400 տոննա հումանիտար օգնությունը փոխանցել արցախահայությանը։ Մարդասիրական օգնությունը շրջափակված Արցախ է ուղարկվում պետական ծրագրի շրջանակում։
Բեռնատարներում կա շաքարավազ՝ 60 տոննա, ձեթ՝ 40 տոննա, ալյուր՝ 100 տոննա, մակարոնեղեն՝ 80 տոննա, աղ՝ 20 տոննա, կաթի փոշի՝ 40 տոննա, մանկական սնունդ՝ 12 տոննա և 9 տոննա դեղորայք: Ընդհանուր առմամբ 19 բեռնատարներում 1-2 օրվա սպառման սնունդ է:
Ըստ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանի՝ կապ է հաստատվել ՌԴ խաղաղապահ ուժերի հետ՝ բեռը տեղ հասցնելու հետ կապված:
Իր հերթին Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով. «Ստացված տեղեկությունների համաձայն՝ հուլիսի 26-ին Հայաստանի կողմից Լաչինի պետական սահմանի անցակետի մուտքի մոտ կազմակերպելով տարբեր մեքենաների կուտակումներ՝ հերթական սադրիչ գործողությունն է ծրագրվում»: