Արցախում ստեղծված իրավիճակն ու Հայաստանի անվտանգության խնդիրներն ունեն կոնկրետ պատասխանատու
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Արցախը հայկական է, մեր միասնական հայրենիքի մի մասը, այնպես, ինչպես Հայաստանը: Սրանով պետք է առաջնորդվել այսօր և ընդմիշտ»։ «Ապրելու երկիր» կուսակցության համանախագահ, Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանն այդ մասին գրել է ֆեսբուքյան իր էջում։
Նրա խոսքով՝ Արցախն ապրել, ապրում և ապրելու է հայկական, քանի որ անկոտրում է արցախցու՝ իր հողում ազատ ապրելու կամքն ու իրավունքը։ Արցախում ստեղծված իրավիճակն ու Հայաստանի անվտանգության խնդիրներն ունեն կոնկրետ պատասխանատու՝ Հայաստանի իշխանությունը, փաստում է Մանե Թանդիլյանը։ Նրա խոսքով՝ այսօր անպատասխանատվության ցավոտ դրսևորում են պառակտման փորձերը, պետության առաջին դեմքերի կողմից։ «Հայաստանցի ու արցախցի չկա, մեր ժողովրդին իրար դեմ հանողը միայն թշնամին կարող է լինել, բավական է սեփական ձախողումների և անկարողության մեջ մեղադրել ժողովրդին, ի վերջո սերտենք պատմության գլխավոր դասը՝ մեր ուժը մեր միասնության մեջ է, այլ ճանապարհ չկա»,- նշում է «Ապրելու երկիր» կուսակցության համանախագահը։
Թերևս ողջամիտ այս հայտարարությունները վաղուց այլևս չեն հասկանում Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները, այս մարդիկ մի կողմ են դրել սեփական արժանապատվությունը, թքած ունեն ազգի ճակատագրի վրա և ամեն ինչ անում են միայն իշխանության վերարտադրումն ապահովելու համար, ուստի Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում հարկավոր է ընդդմությանը միավորվել մեկ միասնական լուրջ թեկնածուի կողքին, Նիկոլ Փաշինյանին՝ սկզբի համար Երևանում իշխանազրկելու, ապա և ողջ հանրապետությունում իշխանափոխություն անելու համար։
Այս պահին ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից միակը, որը կարող է լուրջ մրցակցություն ապահովել գործող վարչախմբի համար՝ «Ապրելու երկիր» կուսակցությունն է։ Թե որքանո՞վ իրական ընդդիմադիրներին կհաջողվի միավորվել «Ապրելու երկրի» շուրջը և իսկապես ազնիվ պայքար տանել Երևանի ընտրություններում, դեռևս վաղ է ասել, սակայն գրեթե բոլոր իրական ընդդիմադիրները միաբերան փաստում են, որ հենց սա է միակ ճանապարհը իշխանափոխություն անելու Հայաստանում։
Ալվինա Սարգսյան