Մոսկվայում եռակողմ հանդիպմանը կոշտ գնահատականներ են հնչել
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՄոսկվայում երեկ կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը։ Սկզբից Սերգեյ Լավրովն առանձին է հանդիպել Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հետ, ապա և եռակողմ հանդիպում ունեցել։
Փակ հանդիպումից հետո, ասուլիսների սրահ ներկայացել է միայն Ռուսաստանի արտգործնախարարը։ Ո՛չ Հայաստանի արտգործնախարարը, ո՛չ էլ Ադրբեջանի արտգործնախարարը չեն եկել և չեն ներկայացրել հանդիպման մանրամասները, ինչը չափազանց մտահոգիչ կարելի է համարել։
Լավրովը հայտարարել է, թե երբ Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը կշարունակեն աշխատել հետագա հանդիպումների նախապատրաստման ուղղությամբ։ 2023 թվականին նախատեսվում է 3 երկրների ղեկավարների գագաթաժողով։ Ռուսական կողմն առաջարկել է նաև խորհրդարանականների միջոցով եռակողմ երկխոսություն սկսել։ Լավրովի խոսքով՝ Մոսկվան ակնկալում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը կլինի Բաքվի և Երևանի միջև մեծ բանակցային գործընթացի գագաթնակետը։
Ըստ էության այս հանդիպման ընթացքում որևէ առարկայական պայմանավորվածություն ձեռք չի բերվել Լաչինի միջանցքի բացման՝ Արցախում ծավալվող հումանիտար աղետը չեզոքացնելու ուղղությամբ, ընդհակառակը, թե՛ Ադրբեջանը և թե՛ Ռուսաստանն առիթը բաց չեն թողել նվաստացնելու փաշինյանական վարչախմբի կարկառուն ներկայացուցիչ Արարատ Միրզոյանին, և ասուլիսի չներկայանալը հենց դրա դրսևորումն է։ Ռուսաստանը վերջին շրջանում չափազանց ակտիվացրել է իր ճնշումները և չի բացառում, որ ի վերջո Փաշինյանի և նրա թիմին պարզապես դուրս շպրտեն իրենց աշխատասենյակներից և կանգնեցնեն պատասխանատվության առջև։
Ամեն դեպքում աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումները ոչ ի օգուտ Հայաստանի են, իսկ թափ առնող ընդդիմադիր շարժումը բոլոր հնարավորություններն ունի ֆորս մաժորային իրավիճակ ստեղծելու և Հայաստանում վերջնականապես իշխանափոխություն իրակացնելու, Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին էլ ուղարկելու պատմության աղբանոցը։
Աննա Մուրադյան