Թայվանի վարչակազմի ղեկավարը հիվանդացել է COVID-19-ով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենի մոտ երեքշաբթի կորոնավիրուս են հայտնաբերել, հիվանդության ախտանշանները թեթեւ են։ Այս մասին տեղեկացրել է կղզու Կենտրոնական տեղեկատվական գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ նա ճաշի ժամանակ վատ է զգացել։ COVID-19-ի էքսպրես-թեստը դրական է եղել։ Վարչակազմի ղեկավարը բժիշկների հսկողության տակ է, իսկ նրա բոլոր միջոցառումներն օրվա երկրորդ կեսին չեղարկվել են։
Նա առավոտյան հոսպիտալում այցելել է զինծառայողներին, որոնք վիրավորվել էին երկուշաբթի օրը, Ցզիլուն քաղաքի զինանոցում ականանետային արկի պայթյունից։ Օրվա երկրորդ կեսին կղզու ղեկավարը նախատեսում էր ներկա լինել քաղաքացիական պաշտպանության զորավարժություններին Թայնան քաղաքում, իսկ երեկոյան այցելել Կենտրոնական օդերեւութաբանական բյուրո՝ տեսնելու, թե ինչպես է կղզուն մոտենում «Դոկսուրի» թայֆունը։