Փաշինյանը նոր պատերազմով ահաբեկում է հայ ժողովրդին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՄինչ Ադրբեջանը կոշտացնում է հռետորաբանությունը և նոր սպառնալիքներ տարածում Հայաստանի և Արցախի հասցեին, Հայաստանի գործող վարչախումբը շարունակում է ահաբեկել սեփական ժողովրդին նոր պատերազմի հնարավորություններով, ընդ որում դրա համար օգտագործելով նաև միջազգային տարբեր լրատվամիջոցներ։
Օրերս «Ֆրանս պրեսս» գործակալությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարել է, թե պատերազմ կարող է լինել։ «Ընդհանրապես քանի դեռ խաղաղության պայմանագիր ստորագրված չէ և այդ պայմանագիրը վերացված չէ երկու երկրների խորհրդարանների կողմից պատերազմն իհարկե շատ հավանական է և ցանկացած տեղում՝ երկրագնդի վրա, որտեղ կա կոնֆլիկտային իրադրություն, որը լուծված չէ պայմանագրով, այսինքն հասցեագրված չէ, ցանկացած տեղում, ցանկացած պահի կարող է պատերազմ լինել, սա պետք է արձանագրել»,- ասել է Փաշինյանը։
Վերջինիս, ի դեպ, երկրորդել է Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը, որն այս օրերին գտնվում է Իտալիայում։ Իտալական «Corriere della Sera» պարբերականի հետ զրույցում Վահագն Խաչատուրյանը հայտարարել է, թե պատերազմն ապակայունացրել է ողջ Կովկասը։ «Մեր տարածքի նկատմամբ ադրբեջանական նոր ագրեսիայի սպառնալիքը չափազանց մեծ է և մենք միջազգային հանրության արձագանք չենք տեսնում»,- ասել է Խաչատուրյանը։
Ըստ էության այս կերպ գործող իշխանությունները խոստովանում են, որ նախ ձախողել են խաղաղության դարաշրջանի իրենց իսկ հռչակած քաղաքականությունը, կորցրել բոլոր հնարավոր դաշնակիցներին և աջակիցներին միջազգային հանրության շարքում և այժմ էլ, փոխանակ սեփական ձախողումները գիտակցեն և հեռանան, ընդհակառակն ահաբեկում են հայ հասարակությանը նոր պատերազմի հավանաակնությամբ։
Այն, որ այդ պատերազմը հավանական է, որևէ մեկը կասկած չունի դեռևս 44-օրյա պատերազմի հենց հաջորդ օրվանից, մինչդեռ Փաշինյանը փորձում էր հանրությանը համոզել, թե խաղաղության դարաշրջան հռչակելով կկարողանա խաղաղություն բերել հասարակությանը։ Այսօր արդեն իրենք են հավանական համարում նոր պատերազմը։ Կլինի՞ դա , թե ՝ ոչ , Աստված մի արասցե, եթե լինի, բայց փաստն այն է, որ նման հավանականության մասին անընդհատ տարփողելով Փաշինյանը պարզապես Հայստանի և Արցախի ժողովուրդներին նախապատրաստում է ավելի կոշտ և ցավոտ զիջումների, պարտադրում խաղալ Ադրբեջանի կանոններով։
Նարինե Սարգսյան