Արցախի խորհրդարանից կոշտ պահանջ է հնչել փաշինյանական վարչախմբին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱրցախի Ազգային ժողովը երեկ արտահերթ նիստ է գումարել և ուղերձ հղել հենց ուղղված Հայաստանի իշխանություններին։ Թերևս պատերազմից հետո առաջին անգամ բավականին կոշտ և կոպիտ տոնայնությամբ Փաշինյանին և նրա վարչախմբին բացատրել են իրենց էությունը, ընդ որում դա արվել է հենց Արցախի իշխող ուժի խմբակցության կողմից։
Պատգամավոր Նելլա Գրիգորյանը չափազանց կոշտ որակումներ է տվել Արարատ Միրզոյանին, Նիկոլ Փաշինյանին, վերջինիս կնոջը՝ Աննա Հակոբյանին, իսկ խորհրդարանն էլ 31 կողմ ձայներով ընդունել է ուղերձ՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել խթանելու Արցախի ժողովրդի արժանապատիվ կյանքի ապահովման։ Խորհրդարանակնները մասնավորապես կոչ են արել Երևանին անհապաղ միջոցներ ձեռնարկել Արցախում տեղակայված խաղաղապահ առաքելությանը միջազգային մանդատով օժտելու համար։ Սահմանված ընթացակարգով դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, գլխավոր ասամբլեային՝ առաջարկելով պատշաճ քայլեր կատարել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման ուղղությամբ։
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբն օժտված չէ միջազգային մանդատով, հանգամանք, որը կանաչ լույս է վառում Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության և միջազգային իրավունքի նորմերի սկզբունքների խախտումների, տարածաշրջանի անվտանգության և կայունության շարունակական վտանգման համար։
Ռուսաստանը վերջին շրջանում բազմիցս առաջարկել է, թե՛ ՀԱՊԿ դիտորդներ ուղարկել Հայաստան և թե՛ Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբին միջազգային մանդատ տրամադրել, ինչն էլ ի վերջո հնարավորություն կտա խաղաղապահներին վերջապես իրականացնել եռակողմ հայտարարությամբ իրենց վրա դրված պարտականությունները, հակառակ պարագայում Արցախի բնակիչների կյանքը վտանգված է լինելու։ Թե ի՞նչ է պատասխանել փաշինյանական վարչախումբը, առայժմ հայտնի չէ, միայն նրա բազմաթիվ սպասարկուներ Արցախի ԱԺ հայտարարությունից հետո հանդես են եկել հակաարցախյան կոչերով՝ վիրավորանքներ հասցնելով թե՛ Արցախի իշխանություններին և թե՛ հանրությանը։
Դիանա Անտոնյան