Փաշինյանն ու Աղդամից բեռնափոխադրումների ադրբեջանական օրակարգը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի՝ երեկ Կառավարության նիստում ունեցած ելույթը հանրությանը հուսահատության հասցնելու հերթական դրսևորումն էր։ Փաշինյանը հայտարարել է, թե դիվանագիտական ճանապարհով ու մամուլի լուսաբանումներով միջազգային ավելի մեծ ուշադրություն պետք է հրավիրել Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի վրա։
Արցախում վերահաս սովի վտանգի ֆոնին՝ Փաշինյանն իր ենթականերին հանձնարարություններ էր տալիս, միևնույն ժամանակ արձանագրելով, որ Բրյուսելյան հանդիպումները Լաչինի միջանցքի բացման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հաղթահարման առումով կոնկրետ արդյունք չեն տվել։
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը որևէ բառ չի ասել այդ բանակցություններից հետո եվրոպացիների և ադրբեջանցիների բառապաշար մտած՝ Աղդամով Ադրբեջանի տարածքով հումանիտար բեռներ հասցնելու մասին։ Արցախից Բաքվի այս առաջարկը մերժել են, սակայն մինչ օրս հայտնի չէ, թե ինչ է դրա մասին մտածում Հայաստանի գործող վարչախումբը։
Ըստ էության, Փաշինյանը, որևէ բառ չասելով, ակնարկում է, որ բնավ էլ դեմ չեն Արցախն Ադրբեջանին ինտեգրելու և վերջնականապես կործանելու քաղաքականությանը։ Նմանատիպ մի դրսևորում էլ երեկ արտգործնախարար Արարատ Միրզոյանն է ունեցել ԵԱՀԿ-ում Հայաստանի պահանջով հրավիրված նիստին՝ հայտարարելով, թե՝ «Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86600 քկմ տարածքը, միևնույն ժամանակ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը ոչ մի դեպքում չպետք է և չի կարող սխալ մեկնաբանվել և օգտագործվել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների արտոնություն»,- հայտարարել է Արարատ Միրզոյանը, իսկ եվրոպացիները միայն սրտաճմլիկ կոչերից բացի, որևէ այլ հայտարարություններ չեն արել։
Իրավիճակի ամբողջ ողբերգականությունը, իհարկե, նկարագրել է Նիկոլ Փաշինյանի կինը, հերթական անգամ իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ տարածելով, թե ինչպես իրենց այգուց քաղած բանջարեղեններով ընթրիք է պատրաստել ամուսնու և երեխաների համար։ Սոցիալական ցանցերում Աննա Հակոբյանի այս լկտիությունը քննադատել են և նշել, որ այս կերպ Փաշինյանի կինը ցույց է տալիս, թե գործող իշխանությունները թքած ունեն, որ Արցախում 120 հազար մարդ հայտնվել է սովի ճիրաններում։
Աշխեն Նասիբյան