Արցախում հակառուսական տրամադրություններ են հրահրում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱրցախում իշխանությունների կազմակերպած համաժողովրդական շարժման հիմնական թիրախում ռուս խաղաղապահներն են։ Տարօրինակ չէ, որ մի քանի ելույթներից հետո հանրահավաքի մասնակիցներն ուղևորվել են նախ «Կարմիր խաչի» գրասենյակ, որտեղ պահանջել են ապահովել Արցախի բնակիչների ազատ ելումուտը Լաչինի միջանցքով, ապա և ժամեր շարունակ եղել ռուս խաղաղապահների կենտրոնակայանի մոտ՝ օդանավակայանի տարածքում։
Արցախի պետնախարար, սորոսական շրջանակների հետ կապ ունեցող Գուրգեն Ներսիսյանը հանդիպել է ռուս խաղաղապահների հրամանատար Ալեքսեյ Լենցովի հետ, հանդիպումից հետո հայտարարել, թե ռուս խաղաղապահները խոստացել են կատարել իրենց պարտականությունները, ընդ որում ռուսական խաղաղապահ զորախմբի կենտրոնակայանի առջև երթի մասնակիցները հակառուսական կարգախոսներ են հնչեցրել, և դրա համար որևէ մեկը նրանց նկատողություն չի արել, իսկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, երբ մի խումբը փորձել է բղավել «Նիկոլ դավաճան» Արայիկ Հարությունյանի և պետնախարարի անմիջական հրահանգով կանխել են նման կոչերի տարածումը։
Այսօր Բրյուսելում կայանալու է Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հերթական եռակողմ հանդիպումը և այդ հանդիպումից առաջ Փաշինյանը փորձում է Արցախում շարժման իմիտացիա ստեղծել, որպեսզի եվրոպական կառույցներին և Ադրբեջանին ցույց տա ներսից բավականին լուրջ ճնշման տակ է՝ այդ կերպ որոշակի զիջումներ կորզելով։ Այս կարծիքի օգտին է խոսում այն փաստը, որ երեկ արդեն Ադրբեջանը նախ թույլատրեց «Կարմիր խաչին» բուժառուների տեղափոխումը դեպի Հայաստան, ապա և Ջեյհուն Բայրամովը «Կարմիր խաչի» ներկայացուցչի հետ հանդիպմանը հայտարարեց, որ իրենք նույնիսկ պատրաստ են Աղդամով սննդամթերք տեղափոխել Ստեփանակերտ։
Ալվինա Կարապետյան