«Սևան ազգային պարկ»-ի տնօրենը հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ2023 թվականի հունիսի 29-ին դատախազի նախաձեռնությամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2016 թվականի ընթացքում «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտության գծով տեղակալի, իսկ 2017 թվականի մայիսի 10-ից՝ տնօրենի պաշտոնը զբաղեցրած Վ.Գ.-ի նկատմամբ՝ յուրացնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, խարդախության և փողերի լվացման համար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Գլխավոր դատախազության կայքից։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վ.Գ.-ն 2016-2017 թվականների ընթացքում ՊՈԱԿ-ի և «Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների գիտահետազոտական ինստիտուտ» ՍՊԸ-ի միջև կնքված գնման պայմանագրի շրջանակներում կազմել է կեղծ հանձնման-ընդունման արձանագրություն, ակտ, ինչպես նաև օգտագործելով իր ծառայողական լիազորությունները՝ մի խումբ անձանց օժանդակությամբ վատնման եղանակով ՊՈԱԿ-ից կատարել է 3 մլն 683 հազար դրամի հափշտակություն:
Բացի այդ, ՊՈԱԿ-ի և «Կարեն Աղաբաբյան Էռնեստի» Ա/Ձ-ի միջև 2017 թվականի հուլիսի 11-ին կնքված գնման պայմանագրի շրջանակներում, Վ.Գ.-ն, մի խումբ անձանց օժանդակությամբ, վատնման եղանակով ՊՈԱԿ-ից հափշտակել է 3 մլն դրամ:
Վերը նշվածից բացի, Վ.Գ.-ն, ՊՈԱԿ-ի և Բնապահպանության նախարարության միջև 2017 թվականի հոկտեմբերի 2-ին կնքված՝ պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին պայմանագրի շրջանակներում, կազմել է կեղծ հաշվետվություններ և խարդախությամբ հափշտակել 20 մլն 969 հազար դրամ, այնուհետև իրականացրել հանցավոր ծագում ունեցող առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:
2023 թվականի հուլիսի 10-ին հսկող դատախազը միջնորդություն է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Վ.Գ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին: 2023 թվականի հուլիսի 11-ին դատարանը մասնակի բավարարելով միջնորդությունը՝ Վ.Գ.-ի նկատմամբ կիրառել է այլընտրանքային խափանման համակցված միջոցներ՝ վարչական հսկողություն և գրավ՝ 10 մլն դրամի չափով:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: