Ադրբեջանը կրկին ամբողջությամբ փակել է Լաչինի ճանապարհը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱդրբեջանը կրկին ամբողջությամբ փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Այս անգամ Բաքուն պատճառաբանում է, թե իբր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի մեքենանաներով փորձեր են արվել մաքսանենգ ճանապարհով տարբեր տեսակի ապրանքներ տեղափոխել Արցախ։
Ադրբեջանի սահմանապահ ծառայության հաղորդագրության համաձայն՝ ապօրինի բեռների մեջ եղել են ծխախոտ, բջջային հեռախոսների էկրաններ, բենզին։ Ադրբեջանում քրեական գործ են հարուցել, իսկ անցակետը փակվել է մինչև քննության ավարտը։ «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեն հայտարարել է, թե իրենց պատկանող որևէ փոխադրամիջոցում որևէ չարտոնված իր չի հայտնաբերվել, ընդամենն առանց ԿԽՄԿ իմացության 64 վարորդ փորձել են առևտրային նշանակության ապրանքներ տեղափոխել սեփական փոխադրամիջոցներով, որոնց վրա ժամանակավորապես փակցված է եղել ԿԽՄԿ տարբերանշաններ։
Նշված անձինք չեն եղել աշխատակիցներ և նրանց հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերն անմիջապես խզվել են։ Ադրբեջանի համար սա ընդամենը հերթական առիթ էր Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը կրկին ամբողջությամբ փակելու համար։
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն անհասկանալի է համարում Ադրբեջանի վարքը, նշում, որ Հայաստանից Արցախ անցնելիս «Կարմիր խաչի» մեքենաներն ամենախստագույն ստուգմանն են ենթարկվում Ադրբեջանի կողմից, ինչպիսին աշխարհի որևէ երկրում անպատկերացնելի է։
Այս իրավիճակում առնվազն ծաղրալից են հնչում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները։ Նա նշել է, թե առաջիկա օրերին տեղի կունենա Հայաստանի հետ բարձր մակարդակով բանակցություններ խաղաղության պայմանագրի շուրջ՝ ակնկալելով դիրքորուշումների հետագա մերձեցում։
Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, թե պետք է երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ բանավոր հնչեցրած հայտարարություններն ամրագրել թղթի վրա։ «Եթե անցած տարվա հոկտեմբերին Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու սահմաններն, ապա այս տարվա մայիսին ավելի հեռուն գնաց՝ պաշտոնապես ճանաչելով Ադրբեջանի տարածքի բոլոր բաղադրիչները՝ ներառյալ Ղարաբաղն ու անկլավային գյուղերը։ Դա պետք է որպես դրական փաստ որակել»,- ծաղրել է Ալիևը՝ նշելով, թե հարկավոր է բոլոր այդ հայտարարությունների տակ ստորագրություններ դնել։
Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած հերթական ճնշումների պայմաններում Հայաստանի իշխանությունների վարքն ոչ այլ ինչ է, քան պարզ դավաճանություն, փոխանակ պայքարելու 120 հազար բնակիչների առնվազն կյանքի և անվտանգության իրավունքի համար, Հայաստանի իշխանությունները կատարում են բացառապես Ադրբեջանի և Թուրքիայի պահանջներն, ուստի և բնականաբար արժանանում են նաև ծաղրալից վերաբերմունքի նրանց կողմից։
Մանիկ Սիրադեղյան