Փաշինյանը Բլինքենի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Կառավարությունից։
Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում հաստատված իրադրությանը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության ապահովման համար անհրաժեշտ քայլերին, ներառյալ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության անհրաժեշտությանը՝ միջազգային ներգրավմամբ:
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի խորացմանը եւ այն հաղթահարելու անհրաժեշտ քայլերին:
Զրուցակիցներն ընդգծել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետեւողական ջանքերի անհրաժեշտությունը:
Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է ՀՀ կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին: