Զինված ավազակային հարձակում՝ Երևանում, հափշտակել են մոտ 80 հազար դոլար, ապա տիրոջ Toyota-ով դիմել փախուստի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւանում, այսօր՝ հուլիսի 11-ին, դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել. ժամը 01։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել Տիտովի փողոցի տներից մեկի բնակչից, ով հայտնել է, որ հուլիսի 10-ին, ժամը 23։00-ի սահմաններում դիմակավորված 2 անձ մտել են իր տուն, իրեն և իր կնոջը կապկպել են, ապա գողացել տանը եղած գումարն ու ոսկյա զարդեր։
Shmashyan.com-ի հաղորդմամբ, դիմակավորված անձինք զենքի ցուցադրմամբ և սպառնալիքների տակ նշված տան բնակիչներ՝ ամուսիններ Հարություն Ա․-ից և Էմմա Գ․-ից հափշտակել են մոտ 13 հազար դոլար, 8 հազար եվրո, 1300 վրացական լարի և 20 մլն դրամ արժողությամբ ոսկյա զարդեր։ Եվ իրենց ավարը վերցնելուց հետո տան տիրոջ՝ Հարություն Ա․-ին պատկանող Toyota Land Cruiser-ով դիմել են փախուստի։
Տեղում հայտարարվում է ավտոմեքենայի հետախուզում։ Եվ րոպեների ընթացքում առևանգված Toyota-ն դռները փակված, կայանված վիճակում հայտնաբերել են Գարեգին Նժդեհի հրապարակում։
Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, որոնք հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասել են, որ տուժողը Երևանում հայտնի ոսկու գործ անողներից է։