Սիսիանում ավտովթարից հետո տեղի է ունեցել ծեծկռտուք, 3 հոգի դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍյունիքի մարզում, հուլիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 23։00-ի սահմաններում «Սիսիանի» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացիներ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ տուժածներն ի վիճակի չեն բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։
Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Սյունիքի մարզի բնակիչներ 31-ամյա Գրիգոր Պողոսյանը, 29-ամյա Տիգրան Պողոսյանը և 72-ամյա Վալերիկ Թարվերդյանը։
Սիսիանի քննչական բաժնի քննիչների հետ, պարզել են, որ նույն օրը, ժամը 19։50-ի սահմաններում Սիսիան քաղաքի Իսրայելյան և Խանջյան փողոցների խաչմերուկում հիվանդանոց տեղափոխված Տ․ Պողոսյանը իր վարած VAZ 21043 մակնիշի ավտոմեքնայով բախվել է Սյունիքի մարզի բնակիչ 73-ամյա Վալերիկ Ղազարյանի վարած Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենային։
Վթարից հետո դեպքի վայրում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ, դեռևս չպարզված հանգամանքներում, անհայտ անձը սուր կտրող ծակող գործիքով մարմնական վնասվածքներ է հասցրել Գ․ և Տ․ Պողոսյաններին և Վ Թարվերդյանին։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ մարմնական վնասվածքներ պատճառած անձի ինքնությունը, նրան և հանցագործության գործիք՝ սուր կտրող-ծակող առարկան հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով՝ Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ավոտմեքենաները քննիչի հանձնարարականով՝ տեղափոխվել են Ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։