Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանի հետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը տարածաշրջանային հարցեր է քննարկել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Այս մասին N EWS.am-ը տեղեկանում է ԱԽ մամուլի ծառայությունից։
Հանդիպումը կայացել է հուլիսի 6-ին Սպիտակ տանը։
«Կողմերը քննարկել են տարածաշրջանային և ավելի լայն արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակն ու մարտահրավերները: Այս համատեքստում ԱԽ քարտուղարը զրուցակցին է ներկայացրել հայկական կողմի մոտեցումները մի շարք կարևոր ուղղություններով»,– ասված է հաղորդագրությունում:
Ըստ ԱԽ–ի` զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ մասնավորապես, շեշտել են երկկողմ համագործակցության զարգացումը՝ էներգետիկայի, տնտեսության և ժողովրդավարության շրջանակներում:
Հիշեցնենք` Գրիգորյանը հուլիսի 4-ին է ԱՄՆ մեկնել։ Հուլիսի 6-ին Վաշինգտոնում նա հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի և «Ատլանտյան խորհրդի» ուղեղային կենտրոնի փորձագետների, նախկին դեսպանների և այլ ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ: