ԱՄՆ-ն առաջիկա օրերին կավարտի աշխատանքը քիմիական զենքի պաշարների ոչնչացման ուղղությամբ. NYT
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ն առաջիկա օրերին պետք է ավարտի քիմիական զենքի մնացորդների ոչնչացման աշխատանքները, հայտնում է The New York Times-ը (NYT):
Նյութում ասվում է, որ տասնամյակներ են պահանջվել Կոլորադոյի Պուեբլոյի քիմիական զենքի պահեստը ոչնչացնելու համար, և այս պահին աշխատանքները գրեթե ավարտված են։ Հունիսին Պուեբլոյի մերձակայքում գտնվող պահեստներից մեկում ոչնչացվել է վերջին զենքը, իսկ մնացածով Քենթուքիի մեկ այլ պահեստում կզբաղեն առաջիկա մի քանի օրվա ընթացքում։
Երբ այն վերանա, ընդգծում է NYT-ն, աշխարհում բոլոր հրապարակայնորեն հայտարարված քիմիական զենքերը ոչնչացված կլինեն։
Թերթը հիշեցրել է, որ 1989 թվականին Միացյալ Նահանգները և Խորհրդային Միությունը պայմանավորվել էին ոչնչացնել քիմիական զենքի իրենց պաշարները։ 1997 թվականին Սենատը վավերացրեց Քիմիական զենքի մասին կոնվենցիան, երբ Միացյալ Նահանգները և մյուս ստորագրող երկրները պարտավորվեցին մեկընդմիշտ ազատվել քիմիական զենքից։
Սակայն այդ զենքերը ոչնչացնելը, ըստ NYT-ի, հեշտ չէր, քանի որ պայթուցիկ նյութերի և թույնի համադրությունը դարձնում է դրանց հետ աշխատելը չափազանց վտանգավոր:
Պաշտպանության ոլորտի պաշտոնյաները ժամանակին կանխատեսել էին, որ աշխատանքը կարող է ավարտվել մի քանի տարում եւ կարժենա մոտ 1,4 միլիարդ դոլար, սակայն այն ձգձգվել է տասնամյակներ եւ արժեցել մոտ 42 միլիարդ դոլար: