Դպրոցների կառավարման նոր մոդելը սեպտեմբերից կներդրվի բոլոր դպրոցներում․ փոխնախարար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴպրոցների կառավարման նոր մոդելը նոր ուսումնական տարվանից կներդրվեն նաև մարզերում ու Երևանի բոլոր դպրոցներում: Այս մասին ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ԵԽ ժողովրդավարության և մարդու արժանապատվության հարցերով գլխավոր տնօրինության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փոխնախարարը տեղեկացրել է, որ ըստ կառավարման նոր մոդելի` դպրոցների կառավարման բովանդակային և վարչական գործառույթները տարանջատվել են։ Կրթության որակի ապահովման գործառույթն ամբողջովին վերապահվել է տնօրենին, իսկ տնտեսական կառավարումը՝ վարչական համակարգողին։
«Այդ նպատակով դասավանդող բոլոր ուսուցիչների համար կազմակերպվելու են վերապատրաստման դասընթացներ»,- ասել է նա։
Ըստ փոխնախարարի՝ Հանրակրթության նոր չափորոշչի ներդրման գործընթացն ուղղված է կրթության որակի բարձրացմանը, ուսուցիչների կարողությունների, հմտությունների և դպրոցների ենթակառուցվածքների զարգացմանը:
Կողմերը քննարկել են նախարարության և ԵԽ ժողովրդավարության և մարդու արժանապատվության հարցերով գլխավոր տնօրինության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները, մասնավորապես անդրադարձ է եղել ուսուցիչների վերապատրաստման և կրթական նյութերի մշակմանն ու հետագա տարածմանն առնչվող հարցերին։