Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունները ոչ թե խաղաղության, այլ Հայաստանի խաղաղ հանձնման մասին են․ Աբրահամյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների համատեքստում, հատկապես վերջին շրջանում, կրկին ակտիվացել է զորքերի հայելային հետքաշման շուրջ քննարկումները: Այս մասին գրառում է կատարել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը Կութական-Սոթք հատվածից մինչև Արաքս գետ, առաջնագծի գրեթե բոլոր ռազմավարսկան ուղղություններով առաջ է եկել` դիրքավորվել իր համար բարենպաստ բնագծերում:
Մեր մեծ թվով բնակավայրեր, կոմունիացիաներ հայտնվել են նրանց ուղիղ վերահսկողության, դիտարկման տակ:
Եթե հայկական զորքերը ևս մի քանի կմ հետ գնան, ապա Հայաստանն ամբողջովին կկորցնի իր կենսունակությունը` պաշտպանողականությունից մինչև զարգացում:
Դեռ չեմ խոսում այն մասին, որ Ադրբեջանի ագրեսիվ վարքագիծը հաշվի առնելով, Ադրբեջանը կօգտագործի հերթական հնարավորությունը և ինչ-որ պահի առաջ կգա` կզբաղեցնելով հայկական զորքերի հետքաշման հատվածները` ուղիղ օկուպացիա ապահովելով Հայաստանի համար:
Այս ամենը իշխանությունը միանշանակ գիտակցում է, սակայն դա չի խանգարում նրան, այս հարցում որպես նախաձեռնող կողմ հանդես գալ:
Շարունակում եմ պնդել` Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունները ոչ թե խաղաղության, այլ Հայաստանի խաղաղ հանձնման մասին են»,-գրել է նա: