Արցախում ուժի մեջ կմտնի հանրային սննդի ծառայությունների սահմանափակումների մասին որոշումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի Հանրապետության նախագահը այսօր հաստատել է Կառավարության N 543-Ն որոշումը՝ Հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումները սահմանելու մասին՝ պայմանավորված 2023 թվականի հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության լրիվ շրջափակման հետեւանքով առաջացած պարենային մթերքների խնայողական օգտագործման անհրաժեշտությամբ: Այս մասին հայտնել է Արցախի տեղեկատվական շտաբը։
«ԱՀ Կառավարության որոշման համաձայն՝
- 2023 թվականի հուլիսի 5-ի ժամը 09:00-ից հանրային սննդի օբյեկտներում արգելվում է.
1) Տոնական, ընտանեկան կամ անձնական այլ ճաշկերույթների (բացառությամբ մինչեւ 50 անձանց մասնակցությամբ անցկացվելիք հարսանյաց ճաշկերույթների) կազմակերպումը եւ անցկացումը.
2) 30-ից ավելի անձանց մասնակցությամբ սգո արարողությունների կազմակերպումը եւ անցկացումը.
3) Սննդամթերքի պատրաստումն ու իրացումը՝ մատուցման եւ առաքման ձեւով (խոհարարական արտադրանքի սպառումը), բացառությամբ սուրճի, թեյի, ըմպելիքների, պաղպաղակի, ալյուրե եւ շաքարե հրուշակեղենի մատուցման։
- Սույն սահմանափակումների 1-ին կետի դրույթները տարածվում են նաեւ հանրային սննդի կազմակերպիչների կողմից հանրային սննդի օբյեկտներից դուրս (սպառողի կողմից ընտրված վայրում) հանրային սննդի ծառայությունների մատուցման դեպքերի վրա:
- Հանրային սննդի օբյեկտներ են համարվում հանդիսությունների սրահները, ռեստորանները, ճաշարանները, սրճարանները, բարերը, բուֆետները, ինչպես նաեւ հյուրանոցներին, զբոսաշրջային տներին կից հանրային սննդի օբյեկտները»,- նշվում է որոշման մեջ։