Ադրբեջանում առևանգված հայ զինծառայողներին ստիպել են «անհրաժեշտ» ցուցմունքներ տալ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆAlphanews.am-ը գրում է.
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներ Հարություն Յուրիկի Հովակիմյանի ու Կարեն Աշոտի Ղազարյանի գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 5-ին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանում այսօր կմեկնարկի հայ ռազմագերիներ Հարություն Յուրիկի Հովակիմյանի ու Կարեն Աշոտի Ղազարյանի դատավարությունը:
Նրանց կեղծ մեղադրանք է ներկայացվել «Ադրբեջանի պետական սահմանի անօրինական խախտման» և այդ երկրի տարածքում իբրեւ թե «ահաբեկչական գործողության ծրագրման» համար: Ադրբեջանական կողմը ռազմագերիներին ներկայացնում է որպես դիվերսանտներ՝ նշելով, թե վերջիններս «Ադրբեջանի սահմանը հատել են Զանգելանի հատվածում»՝ այսինքն, Ադրբեջանի կողմից օկուպացված Կովսականում:
Հայ զինծառայողների նկատմամբ քրեական գործը հարուցվել էր մայիսի 26-ին: Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանում, դատավոր Ֆահմին Գումբատովի նախագահությամբ, տեղի կունենա վարչական նիստ։ Հիշեցնենք, որ զինծառայողներ Հարություն Յուրիկի Հովակիմյանն ու Կարեն Աշոտի Ղազարյանը մայիսի 26-ին առևանգվել են ՀՀ ինքիշխան տարածքից:
Տեղեկացնենք, որ Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանի տվյալներով, որն զբաղվում է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդիրներով, այս պահին Ադրբեջանում ունենք 35 հաստատված գերի, որոնցից 26-ը 2020 թվականի դեկտեմբերին Խծաբերդում գերեվարվածների խմբից են, իսկ չհայտարարված գերիների թիվը, ըստ նույն աղբյուրի, 80 է:
Հիշեցնենք նաեւ, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում հայտնված հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը մինչեւ օրս լուծված չէ: Ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակումը պետք է իրականացվեր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակում՝ հայտարարության 8-րդ կետի համաձայն: Ըստ մասնագետների, գերիների վերադարձի խնդիրը Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները սակարկության առարկա են դարձրել: