Նոր հաղորդագրություն Գորիսից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի իշխանությունները նախատեսում են նոր ճանապարհ կառուցել՝ Գորիսից դեպի Սյունիքի Խոտ-Որոտան հատվածը։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հաստատեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
«Նախատեսվում է Գորիսից ճանապարհ կառուցել, որը կմիանա Խոտ-Որոտան հատվածին։ Նշված ճանապարհի նախագծանախահաշվային փաստաթղթերը պատվիրվել են և պատրաստ են»,-հայտնեցին նախարարությունից։
Ինչ վերաբերում է Խոտ-Որոտան ճանապարհի 10 կիլոմետրանոց կառուցվող հատվածին, մոտ 8 կմ-ի վերակառուցումը նախատեսված է ավարտին հասցնել 2023 թվականին։
«Նշված ճանապարհի 2 կմ հատվածի հետ կապված առկա են որոշակի խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Ընթացիկ տարում կապահովվի նաև այդ 2 կմ երկարությամբ տեղամասի անցանելիությունը»,-նշել են գերատեսչությունում։
Լրատվամիջոցի տեղեկություններով` առաջիկայում նախատեսվում է ճանապարհային աշխատանքներ իրականացնել նաև Որոտան-Շուռնուխ հատվածում, որտեղ ճանապարհի մի փոքր հատվածը, ըստ որոշ քարտեզների, անցնում է Խորհրդային Ադրբեջանի տարածքով: Այնտեղ նույնպես պետք է շրջանցիկ ճանապարհ հայտնվի։
Հիշեցնենք, որ Խոտ-Որոտան ճանապարհի վերակառուցման անհրաժեշտությունն առաջացել է այն բանից հետո, երբ Ադրբեջանի ներկայացուցիչները փակել էին Գորիս-Կապան մայրուղին: Այս ճանապարհը դարձել է Որոտան գյուղը արտաքին աշխարհի հետ կապող գործնականում միակ ճանապարհը։
Սակայն Խոտ-Որոտան ճանապարհին երկու անգամ փլուզում է տեղի ունեցել, որից հետո շինարարությունը մի քանի ամսով դադարեցվել է։