ՊՆ նախարարն ընդունել է Կանզասի նահանգապետ Լորա Քելիին և ազգային գվարդիայի հրամանատար Մայքլ Վեներդիին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 23-ին ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի նահանգապետ Լորա Քելիին և ադյուտանտ գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիին։ Նրանք Հայաստան են ժամանել Հայաստան-Կանզաս գործընկերության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում։
Պաշտպանության նախարարությունից NEWS.am-ը տեղեկանում է, որ հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, քննարկվել է Հայաստանի պաշտպանության նախարարության և Կանզասի ազգային գվարդիայի միջև համագործակցության ներկայիս ընթացքը:
«Անդրադարձ է կատարվել ՀՀ պաշտպանության նախարարի՝ նախորդ տարվա սեպտեմբեր ամսին Կանզաս նահանգ կատարած այցի ընթացքում համագործակցության նոր ուղղությունների շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին։
Հանդիպման ընթացքում երկուստեք արձանագրվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում (արհեստավարժ սերժանտական համակարգ, խաղաղապահություն, ռազմական բժշկություն, կիբեռանվտանգություն, զինծառայողներին և նրանց ընտանիքներին առնչվող սոցիալական ապահովության ոլորտներում փորձի փոխանակում և այլն) պլանավորված համագործակցության առաջընթացը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը, ինչպես նաև նախաձեռնել փոխգործակցության նոր ուղղություններ»,– ասվում է նախարարության հաղորդագրությունում։