Զախարովան՝ Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀունիսի 15-ին Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպի պատճառն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանը սահմանազատված չէ։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը բազմիցս կոչ է արել սկսել սահմանազատման և սահմանագծման երկկողմ հանձնաժողովի աշխատանքը, և այդ աշխատանքները պետք է արդյունավետ լինեն։ Մոսկվան, իր հերթին, պատրաստ է օգնել որոշելու սահմանային գծի անցումը, ներառյալ այն, որը դարձել է այդ հատվածում հերթական կռվախնձորը։
Նաև, Զախարովայի խոսքով, ռուս խաղաղապահների հասցեին մեղադրանքներն անհիմն են։
«Մենք խստորեն խորհուրդ կտանք նվազեցնել ԶԼՄ-ների հռետորաբանությունը այս հարցի վերաբերյալ: Խաղաղապահները սերտորեն համագործակցում են կողմերի հետ՝ իրավիճակը կարգավորելու համար»,- ասել է դիվանագետը:
Զախարովան չի համաձայնել կողմերից մեկի գործողությունների համատեքստում ռուս խաղաղապահների մասնակցության մասին լրագրողի դիտողությանը։ Նա ասել է, որ խաղաղապահներն այնտեղ են, որպեսզի օգնեն երկու կողմերին լուծել խնդիրները: