«Քաղպայմանագիրը» փակ քննարկել է իշխանությունը կորցնելու վտանգները
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախօրեին հավաքվել է Դիլիջանում քննարկելու իրենց իշխանությանը սպառնացող մարտահրավերները և դրանց դիմադրելու իրենց հնարավորությունները։
Հատկապես ամենաշատը քննարկվել է Երևանի ավագանու ընտրությունները։ Փաշինյանը նախարարներին, պատգամավորներին, մարզպետներին, պաշտոնյաներին ու վարչության անդամներին շատ հանգամանալից բացատրել է, որ Երևանի ավագանու ընմտրությունների պարտության դեպքում ոչ միայն ինքն, այլ բոլորը միասին հայտնվելու են համապատասխան վայրում, ուստի և հրահանգել է բոլոր միջոցներով ընդհուպ մամուլով կեղծիքներ տարածելով և վարչական ռեսուրսի չարաշահմամբ ապահովել Երևանի ավագանու ընտրություններում Տիգրան Ավինյանի հաղթանակը։
Նիստում Փաշինյանի կողքին նստած են եղել վարչությունում նրա երկու տեղակալները՝ Գևորգ Պապոյանն ու Վահագն Ալեքսանյանը, իսկ Ավինյանը հենց առաջին շարքում է եղել, թեև նրանից ավելի բարձրաստիճան պաշտոնյաներ տասնյակներով կան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերում։ Իսկ արդեն ընթրիքին Փաշինյանը Ավինյանին նստեցրել է իր կողքին՝ այդ կերպ ակնարկելով, որ կուսակցությունում երկրորդ մարդը ոչ թե իր որևէ տեղակալ է, կամ այլ պաշտոնյա, այլ հենց Տիգրան Ավինյանը։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ թե՛ ժողովը և թե՛ հաջորդած ճաշկերույթը աչքի են ընկել ջան ասել ջան լսելու ելևէջներով։ Ըստ էության «Քաղաքացիական պայմանագրի» գրեթե բոլոր անդամները հասկացել են, թե ինչ կլինի, եթե հանկարծ իրենք սկսեն իրար «գզել» և պառակտվել։ Միակ ՔՊ-ականը, որի հետ առանձնակի որևէ մեկը չի էլ շփվել, դա առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն է եղել։
Հընթացս թե՛ Ավինյանը և թե՛ մյուսները իրենց կենացներում անգամ խայթել են Արսեն Թորոսյանին։ Ժողովին և ճաշկերույթին մասնակցած մեր աղբյուրներից մեկը հայտնեց, որ ի վերջո որոշում է կայացվել բոլոր ջանքերը գործադրել Երևանի ավագանու ընտրություններում մրցակիցներին վնասելու և հնարավորինս շատ ձայներ ապահովելու համար։
Նաիրա Անանյան