Հայկական շրջադարձ. ենթատեքստը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐKommersant.ru-ն գրում է, որ կա հարակից նախագիծ, որը կարող է դառնալ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի մաս: Դա Զանգեզուրի կամ Սյունիքի միջանցքն է, որը ենթադրում է Հայաստանի Սյունիքի մարզով Նախիջևանը Ադրբեջանի մնացած տարածքների հետ կապող երկաթուղու վերականգնումը: Այդ ճանապարհը եղել է խորհրդային տարիներին, հետո ապամոնտաժվել է՝ հիմնականում Հայաստանի տարածքում։ 2020 թվականին ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո կողմերը պայմանավորվել են այդ հատվածում վերականգնել տրանսպորտային կապը։ Ադրբեջանը նախատեսում է դրա շուրջ բոլոր աշխատանքները ավարտել 2024 թվականին։ Մայիսի դրությամբ, ըստ Ադրբեջանի իշխանությունների, կառուցվել է միջանցքի 70%-ը։ Իրանն իր հերթին Նախիջևանի հետ կապված է Թավրիզ-Ջուլֆա երկաթգծով (Ջուլֆան Նախիջևանում է), որով խորհրդային տարիներին փոխադրվել է մոտ 4 մլն տոննա բեռ։ «kommersant»-ի որոշ զրուցակիցներ կարծում են, որ եթե Հայաստանով անցնող ճանապարհը վերականգնվի ավելի արագ, քան կառուցվի Ռեշտ-Աստարա հատվածը, ապա այդ կերպ երկաթուղային կապ կստեղծվի Ռուսաստանի և Իրանի հարավային նավահանգիստների միջև։ Մայիսին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նույնպես մատնանշել էր Նախիջևանի և Իրանի կապը նշելով, որ այդ ճանապարհը կարող է դառնալ Հյուսիս-Հարավ միջանցքի ճյուղ։
Ընդհանուր առմամբ, ըստ «kommersant»-ի հետ զրուցած շուկայագետների, Սյունիքով երկաթգիծը ավելի շուտ նպաստում է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացմանը, և եթե այն վտանգ է ներկայացնում ինչ որ տարանցիկ զարկերակների համար, ապա ավելի շուտ դա Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին է: Ըստ այդ երթուղու Չինաստանից Եվրոպա բեռները անցնում են Ղազախստանի ցամաքային ճանապարհով մինչև Ակտաու և Կուրիկ նավահանգիստներ, այնուհետև Կասպից ծովով մինչև Բաքու, իսկ այնտեղից դեպի վրացական նավահանգիստներ կամ Թուրքիա։ Այդ նախագծի հիմքը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծն է։ Սակայն Հայաստանով երթուղին զգալիորեն ավելի կարճ է, ինչը և այդ ուղին նախընտրելի է դարձնում Կասպից ծովի ավազանի հետ Թուրքիայի կապի համար և կարող է բեռնափոխադրումները վրացական հատվածից քաշել իր վրա։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը