Հայկական կողմը բանակցությունների սեղանի շուրջ շարունակելու է առաջ մղել խաղաղության օրակարգը. Սուրեն Պապիկյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանը վերջին 1 շաբաթվա ընթացքում մշտապես տեղեկատվական կեղծ տեղեկատվություն տարածելով հենք է ստեղծում, որպեսզի կարողանա իր իսկ կողմից գործած սադրիչ գործողությունները ներկայացնել իբրեւ հայկական կողմի նախահարձակ գործողություններ: Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, ԱԺ-ում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում ադրբեջանական կողմի հաճախակի դարձած կրակոցների պատճառներին:
«Պաշտպանության նախարարությունը մշտապես հանդես է գալիս պատշաճ հաղորդագրություններով, եւ այն, ինչ տեղի է ունենում սահմանին, նեկայացնում է մեր հանրությանը: Այս ամենի պատճառը ադրբեջանական կողմի նպատակներն են՝ ի ցույց դնելու, որ հայկական կողմը որոշակի ագրեսիվ գործողությունների միտում ունի. նման բան չկա, հայկական կողմը մեր իսկ հնչեցրած բոլոր հայտարարություններին համապատասխան բանակցությունների սեղանի շուրջ շարունակելու է առաջ մղել խաղաղության օրակարգը, նաեւ պաշտպանելով մեր երկրի սուվերեն տարածքը»,- ասաց Սուրեն Պապիկյանը:
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի զինված ուժերը ժամը 11:45-ի սահմաններում կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետեւանքով վիրավորվել է Հնդկաստանի 2 քաղաքացի։