Շուշիում հյուպատոսություն բացելով՝ Թուրքիան խորացնելու է ԼՂ հակամարտության բնույթը. ադրբեջանագետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանի համոզմամբ՝ օկուպացված Շուշիում հյուպատոսություն բացելով՝ Էրդողանը փորձում է Թուրքիայի քաղաքական ներկայությունն ապահովել Արցախում:
«Շուշիի աշխարհաքաղաքական դերը բավականին կարեւոր ու խորհրդանշական է: Ցավոք, այդ նշանակությունը չեն հասկանում միայն Հայաստանի իշխանությունները: Երբ Էրդողանը հայտարարում է, որ հյուպատոսության բացումը ուղերձ կլինի ամբողջ աշխարհին, նա առաջնահերթ նկատի ունի տարածաշրջանի պետություններին՝ ինչպես Հայաստանին, այնպես էլ Ռուսաստանին եւ Իրանին»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Տաթեւիկ Հայրապետյանը` հավելելով, որ հյուպատոսության բացմամբ՝ Թուրքիան խորացնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության բնույթն ու ընդլայնելու է դրա շրջանակը:
Նշենք՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին Ադրբեջան կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է հյուպատոսություն բացել Շուշիում, որը ուղերձ կլինի ամբողջ աշխարհին, մասնավորապես՝ Հայաստանին:
Ադրբեջան կատարած այցի ժամանակ Էրդողանն ու Իլհամ Ալիեւը քննարկել են նաեւ այսպես կոչված՝ Զանգեզուրի միջանցքի հարցը: Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Էրդողանի հետ մտքեր են փոխանակել Զանգեզուրի միջանցքի շուտափույթ բացման վերաբերյալ եւ ընդգծել, որ միջանցքի բացումն անխուսափելի է:
Տաթեւիկ Հայրապետյանի դիտարկմամբ, այս հարցում կանխատեսելի էր ադրբեջանական ու թուրքական կողմերի ակտիվությունը:
«Ադրբեջանն ու Թուրքիան բազմիցս ցույց են տվել, որ պատրաստ են այդ հարցը լուծել նաեւ ռազմական ճանապարհով, թերեւս հիմա գործադրում են քաղաքական ճնշում, եւ խոսում են ուժի սպառնալիքի մասին:
Եթե նկատեցիք՝ Ալիեւի եւ Էրդողանի ասուլիսում գերական կետն այն էր, որ տարածաշրջանում խնդիրները լուծվում են ուժով եւ ոչ թե միջազգային իրավունքով եւ իրենք պետք է ռազմականացման ճանապարհով գնան իրենց խնդիրները լուծելու համար, որովհետեւ այդ երկրների համար այդ ամենն ունի աշխարհաքաղաքական կարեւոր նշանակություն:
Պատահական չէ, որ Ալիեւը իր ելույթներում դժկամությամբ է հիշատակել Նժդեհին, որովհետեւ հենց նրա պայքարի շնորհիվ ձախողվեց թուրք-ադրբեջանական, ինչպես նաեւ բոլշեւիկյան ծրագիրը, որպեսզի Հայաստանի տարածքով Ադրբեջանն ու Թուրքիան կապվեն իրար հետ: Հիմա իրենք համարում են, որ սա բարենպաստ ժամանակահատված է այդ ծրագիրն իրականացնելու համար, դրա համար էլ այդ ուղղությամբ հսկայական ջանքեր են գործադրում»,- ասաց ադրբեջանագետը: