Հայաստանը վերածվում է 30-ականների Չիկագոյի, իսկ վարչախումբը զբաղված է միայն իր հարցերով
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանն աստիճանաբար վերածվում է 30-ականների Չիկագոյի կամ մաֆյոզ Սիցիլիայի, իսկ գործող իշխանությունները հասարակական կարգը պահպանելու քրեական տարրերին պատժելու փոխարեն զբաղված են իրար ուտելով։ Գրեթե օր չկա, որ հանրությունը չցնցվի այս կամ այն քրեական հանցանքով, որի մեջ սովորաբար իշխանությունների տարբեր ներկայացուցիչներ կարող են խառնված լինել, թեպետ դեպքերի մեծամասնությունում հանցագործություներն իրականացնում են նույնիսկ սովորական մարդիկ։
Բանը հասել է այնտեղ, որ Փաշինյանը, որ ահռելի գումարներ է վճարում ոստիկանություն պահելու համար, սակայն այդ իրավապահների ռեսուրսներն օգտագործում է բացառապես իր և իր թիմակիցների անձնական անվտանգությունն ապահովելու համար, որևէ կերպ չի պատժում իրավապահներին հանցավորության ահռելի մակարդակի, օրեցօր տեղի ունեցող աղմկահարույց դեպքերի համար։
Վերջին ամենաթարմ դեպքը նախօրեին Մալաթիայում տեղի ունեցած վենդետան էր, երբ 26-ամյա մի երիտասարդ գնդակահարել էր տարիներ առաջ իր եղբորը սպանած անձի 18-ամյա որդուն։ Հասարակությունը սարսռած է այդ դեպքից, սակայն կարճ ժամանակ անց նաև դա կմոռանա՝ հերթական սահմռկեցուցիչ հանցագործության մասին լսելով։ Եվ մինչ ոստիկանությունը վերածվել է ընդամենը իշխանույունների մահակի և չի կարողանում կատարել իր պարտականույությունները, փաշինանանական իշխանության ներկայացուցիչները փորձում են իրավիճակն օգտագործել ներքին գործերի նախարար, սակայն ոչ իրենց թիմակից Վահե Ղազարյանին դիրքերից գցելու և նրան այլ նախարարով փոխարինելու համար։
Տարօրինակ կերպով նախօրեին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը սկսեց ծաղրել Վահե Ղազարյանին, իսկ իրավապահներին մեղադրեց իրենց պարտականությունները բավարար չափով չկատարելու մեջ։ Անդրանիկ Քոչարյանը պատմել է, որ ՔՊ-ականներով մեծ արագությամբ սլացել են Երևանով, պարեկների 5 բրիգադ իրենց չի կանգնեցրել և միայն 6-րդն է կանգնեցրել։ «Պարոն Քոչարյա՛ն, սենց գնա պլան եք բաժանելու ոստիկանության աշխատանքը ստուգելու համար»,- կատակել էր Գեղամ Մանուկյանը, թեպետ էլ ինչ կատակ, որ առնվազն 50 %-ը ճշմարտություն չլինի։
Լուսինե Սաֆարյան