Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության վերականգնումը կախված կլինի Էրդողանի դիրքորոշումից. ադրբեջանցի պատգամավոր
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ամբողջական ինքնիշխանության վերականգնումը մեծապես կախված կլինի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սկզբունքային դիրքորոշումից»։ Նման կարծիք է հայտնել Միլի Մեջլիսի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևը, հայտնում է Haqqin.az-ը։
Խորհրդարանականը նշել է, որ այդ առումով Ադրբեջանը թյուրքական պետությունների հետ սերտ համագործակցության կարիք ունի։ «Ցավոք, Ռուսաստանն այսօր շահագրգռված չէ հակամարտության վերջնական լուծմամբ։ Այս առումով անհրաժեշտ է լրջորեն աշխատել Թուրքիայի և թյուրքական պետությունների հետ։ Մենք և մեր դաշնակիցները պետք է համապատասխան առաջարկներ անենք Ռուսաստանին, պահանջներ ներկայացնենք և համոզենք նրան ընդունել դրանք։ Այսինքն՝ Մոսկվան կամ պետք է ճանաչի մեր ինքնիշխան իրավունքները Ղարաբաղի նկատմամբ և նպաստի խաղաղությանը, կամ կորցնի Ադրբեջանն ու Թուրքիան»,- կարծում է պատգամավորը։
Ընդ որում, ադրբեջանցի պատգամավորը պահանջում է «արտահանձնել» Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։
«Եթե Փաշինյանը շուտով խաղաղության պայմանագիր չստորագրի, նա կա՛մ կհեռացվի իշխանությունից, կա՛մ կկալանավորվի, կա՛մ կգնդակահարվի, ինչպես 1999-ի հոկտեմբերին խորհրդարանում վարչապետ Վազգեն Սարգսյանն ու խոսնակ Ստեփան Դեմիրճյանը։ Դրանից հետո կա՛մ պետք է համակերպվենք Ղարաբաղում առկա ստատուս-քվոյի պահպանման հետ, կա՛մ նոր մեծ արյունալի պատերազմի մեջ մտնենք Հայաստանի հետ, որին Ռուսաստանը բացահայտ պաշտպանում է։ Այ թե ինչու մենք պետք է հենց հիմա վերականգնենք ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ»,- ասում է Գուդրաթ Հասանգուլիևը։