Անկայունությունն աշխարհում աճում է. Պուտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրավիճակն աշխահում դառնում է ավելի անկայուն, ի հայտ են գալիս լարվածության նոր օջախներ։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անվտանգության հարցերը ղեկավարող Բարձր ներկայացուցիչների XI միջազգային հանդիպման բացման ողջույնի խոսքում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Մենք տեսնում ենք, որ ժամանակակից միջազգային իրադրությունը բնութագրվում է անկայունության աճով։ Տարբեր տարածաշրջաններում ընդլայնվում են նախկին եւ ի հայտ են գալիս լարվածության նոր օջախներ, կուտակվում է հակամարտություններից բացասական բեռը։ Շատ երկրների ժողովուրդները ենթարկվում են դրսում կազմակերպված հեղաշրջումների դրամատիկ հետեւանքներին»,- արձանագրել է նա։
Պուտինը նշել է, որ դա ուղիղ կապված է առանձին պետությունների եւ միավորումների՝ «իրենց գերիշխանությունը պահպանելու, պահելու, իրենց կանոնները թելադրելու ձգտման հետ՝ լիովին անտեսելով այլ պետությունների ինքնիշխանությունը, ազգային շահերը, ավանդույթները»։
«Այս ամենն ուղեկցվում է ռազմական պոտենցիալի ավելացմամբ, այլ երկրների ներքին գործերին կոշտ միջամտությամբ, ինչպես նաեւ մի շարք արեւմտյան պետությունների հրահրած էներգետիկ եւ պարենային ճգմաժամերից միակողմանի առավելություններ կորզելու փորձերով»,- տեղի ունեցողը նկարագրել է Ռուսաստանի նախագահը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը համոզված է, որ այդ քայքայիչ, շանտաժի եւ ոչ լեգիտիմ պատժամիջոցների գիծը իրական այլընտրանք ունի։ «Դա կայունության ամրապնդումն է աշխարհում, միասնական անբաժանելի անվտանգության համակարգի հետեւողական ստեղծումը, տնտեսական, տեխնոլոգիական եւ սոցիալական զարգացման ապահովման մասշտաբային խնդիրների լուծումը»,- նշել է ՌԴ նախագահը։
«Եվ այստեղ նախ եւ առաջ անհրաժեշտ է բոլոր երկրների ջանքերի համախմբումը, համատեղ քրտնաջան աշխատանքը փոխադարձ հարգանքի, գործըկերության եւ վստահության սկզբունքների հիման վրա։ Հենց այս մոտեցումներն են դրված Ռուսաստանի արտաքին քաղաքականության թարմացված Հայեցակարգում»,- ամփոփել է Պուտինը։