Իտալիայում ուժեղ ջրհեղեղներ են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇարունակվող հորդառատ անձրեւներն անդառնալի վնաս են հասցնում Կենտրոնական Եվրոպայի շրջաններին։ Իտալիայի հյուսիսում ափերից դուրս է եկել 14 գետ։ Անկառավարելի հոսքերը հեղեղել են բնակավայրերը, խախտել ճանապարհային ու երկաթուղային տրանսպորտի շարժը, հայտնում է Euronews-ը։
Ինը մարդ զոհվել է, մի քանիսն անհետ կորել են։
Էմիլիա-Ռոմանիայում 36 ժամվա ընթացքում տեղումների վեց ամսվա նորմա է տեղացել, հայտնում են իտալական լրատվամիջոցները։
Դեպքի վայրում աշխատում են փրկարարները։ Հեղեղված տներից մարդկանց դուրս են բերում նավերով եւ ուղղաթիռներով։
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ «Ֆորմուլա 1-ի» Գրան պրիի մրցումները, որոնք պետք է կայանային այս շաբաթավերջին, Էմիլիա Ռոմանիայում չեղարկվել են։
Բացի Իտալիայից, հորդառատ անձրեւներ են տեղում Սերբիայում, Խորվաթիայում եւ Սլովենիայում։
Անձրեւներն ավերում են տները։ Գյուղատնտեսական հողերին ու տեխնիկային անդառնալի վնաս է պատճառվում. Տուժածները օգնության են սպասում եւ տեղական իշխանություններին խնդրում են իրենց միջոցներ տրամադրել աղետի հետեւանքների դեմ պայքարելու համար։
Եղանակի կանխատեսումների համաձայն՝ Իտալիայի հյուսիսում քամու ուղեկցությամբ հորդառատ անձրեւներն առաջիկա օրերին չեն դադարի։