Ուկրաինայի տարածքը գիշերը հրթիռակոծության է ենթարկվել, Բախմուտում իրավիճակը շարունակում է լարված մնալ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինան այս գիշեր ենթարկվել է լայնամասշտաբ հրթիռակոծության։ Սա արդեն ութերորդ զանգվածային հարձակումն է այս ամսվա սկզբից։ Երկրի տարբեր շրջաններում օդային հարձակման ահազանգ է հնչել, Կիևում որոտացել են պայթյուններ։ Ուկրաինայի տարածքով արձակվել է տարբեր տեսակի օդային, ծովային և ցամաքային 18 հրթիռ։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին։
Ուկրաինայի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի խոսքով՝ տեղական ժամանակով մոտավորապես 03:30-ին ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի վրա հյուսիսային, հարավային և արևելյան ուղղություններով։
Ուկրաինայի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը հավելել է, որ ռուսական ուժերը հարձակվել են նաև «Շահեդ-136/131» հարվածային անօդաչու թռչող սարքերով՝ չնայած այն հանգամանքին, որ ռուսական և իրանական կողմերը բազմիցս հայտարարել են, որ Իրանը Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր չի տրամադրել Ուկրաինայի տարածքում օգտագործելու համար։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի մեկնաբանել հարձակումը: